22 07 2021

Հերթական փաստաթղթի ստորագրումը ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն․ Ռոբերտ Քոչարյան



Այն ինչ կատարվում է սահմաններում մի մեծ պատկերի մի փոքր հատված է։ Երասխի դեպքերից հետո կարծես թե մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Այս մասին 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով, մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանուն իր օրակարգը:

«Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջական զավթումը։ Ռուսաստանի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ։ Հիմա փորձելու են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին։ Նույնիսկ՝ ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով։ Կարծում եմ՝ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում, և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը՝ հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա կարծիքով, պարտվողական հոգեբանություն է այսօր տիրում ժողովրդի մի մասի մոտ»։

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ