19 07 2021

ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է տարբեր քաղաքական գործիչների ձերբակալությունների հաղորդումներին

ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է տարբեր քաղաքական գործիչների ձերբակալությունների հաղորդումներին

Հուլիսի 13-ին ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, թե Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը ոչինչ չէր հաղորդում հեռախոսազրույցի մասին, բայց քանի որ ՀՀ վարչապետը զրուցակցի խոսքերն աղավաղելու մեծ փորձ ունի, Yerevan.Today-ը հարցում ուղարկեց ԱՄՆ դեսպանություն՝ հետևյալ բովանդակությամբ

«Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ տեղ է գտել հետևյալ ձևակերպումը․ «․․․ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»: Խնդրում ենք նշել․

Ի՞նչ նկատի ունի ամերիկյան կողմը «ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել» ձևակերպմամբ։ Արդյո՞ք հաշվի առնվել են, որ վերջին օրերին կալանավորվել են «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և այժմ էլ կալանք է ներկայացված Առուշ Առուշանյանին։ Արդյո՞ք սա ԱՄՆ-ն դիտարկում է որպես ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատում։

Արդյո՞ք ամերիկյան կողմը տեղյակ է, որ խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերի հետ վարչապետի պաշտոնակատարը որևէ հարաբերություն հաստատելու քայլ չի ձեռնարկել»։

Նույն օրվա երեկոյան ԱՄՆ պետդեպը հրապարակեց, իսկ դեսպանատունը ֆեյսբուքայն էջում տեղադրեց հեռախոսազրույցի իրենց տարբերակը, որը գրեթե աղերս չուներ հայկական կողմի տարածած հաղորդագրության հետ։ 

Մասնավորապես, հայկական տարբերակում գրված էր․ «Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում»:

Ամերիկյան կողմի տեքստում հետևյալ կերպ է գրված․ «Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը»։

Հայկական կողմի տեքստում գրված․ «ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ» նախադասությունը ամերիկյան տեքստում չկար։

ԱՄՆ դեսպանության՝ Yerevan.Today-ին ուղարկված պատասխանը հետևյալն է․

«Ինչպես հունիսի 20-ի ընտրություններից հետո Պետքարտուղարությունը հրապարակավ  նշեց, Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը ընտրությունների վերաբերյալ։ Մենք համաձայն ենք, որ ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար ազատություննեըի նկատմամբ, իսկ ընտրապայքարի մասնակիցները կարողացել են ազատ կերպով քարոզարշավ անցկացնել։

Ակնհայտ է, որ Հայաստանի բնակչությունը հանձնառու է ժողովրդավարական  զարգացմանը, իսկ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել Հայաստանի հետ մեր գործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա:

Այս հանձնառությունը սակայն ընտրությունների ավարտով կանգ չի առնում, և ժողովրդավարական գործընթացի երկարաժամկետ ու առավել մեծ բաղադրիչը ընտրությունների արդյունքները հարգելն է, իսկ հարկ եղած դեպքում սահմանված բողոքարկման ու վիճարկման գործընթացների նախաձեռնումը՝ մտահոգիչ ընտրական հարցերը կարգավորելու համար։ Ավելին, առողջ ու կայուն ժողովրդավարական հաստատությունները երաշխավորում են իրավունքի գերակայությունը, տիրույթ են ապահովում կառուցողական երկխոսության ու անհամաձայնության արտահայտման համար ու զերծ են մնում քաղաքական հաշվեհարդարից։

ԱՄՆ դեսպանությունը տարբեր քաղաքական գործիչների ձերբակալությունների մասին հաղորդումներից  տեղյակ է և ուշադրությամբ հետևում է այդ հաղորդումներին։

ԱՄՆ դեսպանը հանդիպել է թե՛ նորընտիր իշխանական կուսակցության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ քննության առնելու խորհրդարանական ընտրություններին հաջորդող զարգացումները և առաջիկա առաջնահերթությունները։ Բոլոր այդ հանդիպումներում դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին ու պատրաստ է աջակցել Հայաստանի բնակչության ձգտումների կենսագործմանը և հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա բարգավաճմանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ