26 06 2021

ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել. հայտարարություն

ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել. հայտարարություն

Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրանք վիճարկվում են, ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել:
Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների:
«Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում:
«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս օրինականության և իրենց արժանապատվությունը հարգող անձանց աջակցության դիրքերից՝ նրանց բոլորին համարելով դաշինքի անդամ, համակիր կամ բնական դաշնակից:
Ելնելով վերոգրյալից՝
Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, հակառակ դեպքում, առանց այն էլ ծանրագույն վիճակում գնտվող և գոյութենական մարտահրավերներ հաղթահարող Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է ներկա վարչախումբը:
Պահանջում ենք Հաաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխել քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը, բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաններին:
 Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:
Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին:
Զորավիգ ենք Ձեզ: Պատրաստ ենք ձեր հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները:
Մենք միասին կարող ենք երկրում ձևավորել պատասխանատու իշխանություն և կերտել ուժեղ Հայաստան:


«Հայաստան» դաշինք
24.06.2021թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ