25 06 2021

Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց․ ՀԱԿ

Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց․ ՀԱԿ

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։

Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։ Տարբեր հաշվարկներով, ընտրացուցակներում շարունակում են ներառված լինել շուրջ 800 000՝ վաղուց արդեն Հայաստանում չբնակվող անձինք։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է Ազգային ժողովի՝ 2018 թ․ ընտրություններում։ Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90 տոկոսը։

Հիմնվելով վերոշարադրյալ արձանագրումների վրա, հայտարարում ենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ