14 06 2021

Իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը․ Արսեն Բաբայան

Իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը․ Արսեն Բաբայան

«Վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողություններին: Իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի՝  խորհրդարան անցնելու դեպքում որքանո՞վ է հնարավոր «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորության վեաբերյալ հարցին:

Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի և Սուրեն Պապիկյանի ձայնային հաղորդագրություններին, որոնք երեկ տարածվել էին համացանցում, Արսեն Բաբայանն ասաց, որ իրենց վերաբերմունքն են ցույց տալիս գործող իշխանության պարագլխին։

«Այն, որ մենք տևական ժամանակ ասում ենք՝ այս անձի մոտ հոգեկան անհավասարակշռություն է, հիմա փաստվում է, որ նույնիսկ իր թիմում բոլորը հրաշալի գիտեն, որ այդ անձի մոտ կա հոգեկան անհավասարակշռություն:

Սա մի ձայնագրություն է, որը մեզ հասանելի դարձավ, իմացանք, թե հենց իր թիմում ինչ են մտածում իր մասին: Բայց, վստահեցնում եմ, բազմաթիվ այդպիսի իրար մեջ խոսակցություններ կան, որտեղ հենց իր թիմի ներկայացուցիչները հրաշալի գիտեն այդ անձի անհավասարակշիռ վիճակը, դրանով պայմանավորված  հետագա վտանգավոր զարգացումները շատ լավ պատկերացնում են»,- ասաց նա:

Ա. Բաբայանի խոսքով, Փաշինյանի ագրեսիան, ատելություն տարածելը, վիրավորական արտահայտություններ անելը, նաև սրա հետևանք է:

«Հույս եմ ուզում հայտնել, որ մեր իրավապահ մարմինները հետևելով այս ամեն ինչին, ընտրությունների արդյունքներն աչքերի առաջ ունենալով՝ ամսի 21-ին կկատարեն իրենց պարտականություններն ամբողջությամբ, թույլ չեն տա կապիտուլյանտ իշխանությունը փորձի ևս մեկ անգամ հեղաշրջման միջոցով զավթել իշխանությունը»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ