Մեր երկրում ներդրումները զրոյացել են ոչ միայն կառավարության վարած սխալ ներդրումային քաղաքականության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նման բևեռացված հասարակություն ունեցող երկրում ոչ մեկ չի ուզում ներդրումներ անել։ Ներդրումներ լինում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, հասկանալի քաղաքական կայուն իրավիճակ։ Այս մասին Արագածոտնում Թալինի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ տնտեսական ճգնաժամից ու հասարակության բևեռացված լինելուց բացի կա նաև երկրի և նրա սահմանների անվտանգության հարցը։ «Փորձենք հասկանալ այս իրավիճակի պատճառը․ այսպես չպետք է լիներ, պատերազմ չպետք է սկսվեր, իսկ եթե սկսվեր էլ, ապա մենք չպետք է պարտվեինք, չպետք է ունենայինք սահմանային նման իրավիճակ և կոտրած ողնաշարով բանակ», - հայտարարեց նախագահը։
Նա ուշադրություն դարձրեց իշխանությունների՝ քարազարշավի ժամանակ քաղաքական հակառակորդների դեմ օգտագործվող բառապաշարին։ «Մենք սա տեսել ենք դեռևս 2018 թ․-ից, երբ երկիրը բաժանեցին հների ու նորերի, սևերի ու սպիտակների։ Ինչ հնարավոր էր խառնել, խառնեցին», - ավելացրեց նախագահը։
«Դուք հավատո՞ւմ եք, որ ներկա իշխանությունը կարող է լուծել այն խնդիրները, որն ինքն է ստեղծել։ Ես համոզված եմ, որ չի կարող։ Եվ հենց դա է պատճառը, որ երկար ընդմիջումից հետո ես իշխանության գալու հայտ եմ ներկայացրել։ Դա մենք անելու ենք այս թիմով։ Ինչո՞ւ ՀՅԴ-ն։ Որովհետև երկար տարիներ աշխատել եմ այս կուսակցության հետ, նրանք ունեն մարդկային մեծ պոտենցիալ և նվիրված են մեր ազգային արժեքներին ու երկրին։ Ինչո՞ւ Սյունիքը։ Որովհետև այսօր անվտանգային առումով ամենախոցելի մարզը Սյունիքն է։ Ես արեցի ամեն ինչ, որ մեր թիմում լինի և՛ սիմվոլիզմ, և՛ բովանդակություն», - ասաց նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը