Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մարզային երիտասարդության զարգացման սահմանափակ հնարավորությունների խնդիրը ինձ համար նորություն չէր, և այն շարքից է, որն իսկապես կառավարությունից լուրջ քայլեր է պահանջելու։ Մարզերում մենք ունենք բավական առաջադեմ, ակտիվ և ունակ երիտասարդական շրջանակներ՝ գրեթե ամբողջական սոցիալական խավ։ Եվ մարդիկ հաճախ զրկված են զարգանալու, մասնագիտական աճ ապրելու, իրենց գործունեությունը ողջ երկրով մեկ տարածելու , ինչու չէ՝ երկրից դուրս աշխարհին ներկայանալու հնարավորությունից։
Ես ընդունում եմ, որ ռեսուրսների և հնարավորությունների անարդար և անհամաչափ կենտրոնացում է տեղի ունեցել Երևանում։
Եթե մենք ուզում ենք բացել մեր երկրի դռները 21-րդ դարի առաջ, եթե ուզում ենք լինել ժամանակակից պետություն, ապա այս խնդիրը պետք է լուծենք արագ ու գրագետ։ Կրթված առաջադիմական սոցիալական շերտերը մեր երկրի զարգացման ամենամեծ ռեսուրսն են, և ի դեպ, այդ ռեսուրսի կտրուկ աճը թույլ կտա լուծել հարակից շատ այլ խնդիրներ։
Մենք պատրաստ ենք որպես թիմակից ընկալել Հայաստանի ամենահեռավոր գյուղից մինչև Երևանի կենտրոն առաջադեմ, նոր մտածողությամբ շրջանակներին ու անհատներին և միասին գտնենք լավագույն լուծումները։ Հայաստանում մարդկային ռեսուրսի զարգացման, ողջ երկրով մեկ գիտակրթական, մշակութային կյանքի ակտիվացման և ընդհանրապես առաջադիմական մարդկանցով մենք կստեղծենք Հայաստանի նոր դեմքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը