30 05 2021

Պետք է փորձենք հանգստություն բերել մեր հասարակությանը․ Ռոբերտ Քոչարյան



«Նախընտրական շտաբերի և տեղում մարդկանց միասնական դաշտային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի»․ այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող, Ռոբերտ Քոչարյանը։ «Պետք է փորձենք որակյալ աշխատանք տանել յուրաքանչյուրս մեր մասով, մենք՝ շտաբերում, դուք՝ այստեղ, տեղում։ Մենք գիտենք՝ որքան բարդ աշխատանք է դաշտային աշխատանքը։ Ընտրական գործընթացի այս երկու թևերի արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք այն արդյունքը, որն ուզում ենք։ Այս իշխանությանը մնացել է 21 օր»,- ասել է նախագահ Քոչարյանը՝ հավելելով, որ դաշինքի՝ տարբեր մարզերում ունեցած հանդիպումները նոր լիցք ու ուժ են հաղորդում։ «Սա պայքար է։ Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։

Հանդիպման ժամանակ հնչել են մի շարք հարցեր՝ կապված կրթական համակարգի, ոռոգման ջրերի, հանրության բարոյահոգեբանական վիճակի, պարգևավճարների, աղանդների և արտասահմանյան ֆինանսական ռեսուրսներով գործող կասկածելի ՀԿ-ների, պատերազմի հետևանքով Արցախից փախստական դարձածների սոցիալական խնդիրների վերաբերյալ։

«Անրհաժեշտ է երկրի ընդհանուր միջավայրը փոխել, որովհետև մեզ մոտ նյարդային մթնոլորտ է տիրում։ Պետք է փորձենք հանգստություն բերել մեր հասարակությանը։ Վերջերս Մոսկվայում ինձ գիրք են նվիրել, դեռ չեմ հասցրել կարդալ, բայց վերնագրին նայեցի՝ «Нервные государства»։ Առաջին ցանկությունս էր վերնագրի տակ գրել՝ Հայաստան, որովհետև Հայաստանն այսօր հենց այդ վիճակում է, և սա լավ վիճակ չէ։ Մենք այսօր մասնակցում ենք ընտրություններին, որ երկիրը հանենք այս վիճակից, որովհետև նման իրավիճակում մարդ դառնում է իռացիոնալ, սկսում է չընկալել և չընդունել տրամաբանական բաներ։ Պետք է հանգստություն բերենք։ Մարդկանց գլուխներում շփոթություն է առաջանում,  որն ամեն քաղաքացի չի կարող հաղթահարել։ Այս ներվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից»,- հանրության հոգեբանական վիճակին վերաբերող հարցին ի պատասխան՝ ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Հանդիպմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ներկայացնում ենք հատված հանդիպումից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ