Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«1998-ից մինչև 2021 թիվ ՀՀՇ-ի գործունեությանը քաղաքական գնահատական տալու հարցն ինձ հետապնդում է։ Ամեն հանդիպման ժամանակ այս հարցն ինձ տալիս են։ Այն ժամանակ մոտեցումս հետևյալն էր․ երկիրը գտնվում էր լրջագույն վիճակում, պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, ուսուցչի աշխատավարձը՝ 5 հազար դրամ, կենսաթոշակը՝ 2-3 հազար դրամ, պարտքեր էին կուտակվել։ Հիմա այս ամենը թողած, ընկնեի նախկինների հետևից, սրան-նրան բռնեի, ամբողջ էներգիաս ծախսեի դրա վրա, որ վերջում մի երկու հոգի դատվեի՞ն։ Ես ասացի, որ այս գիծը պետք է քաշենք ու թողնենք-գնանք ժողովրդի խնդիրները լուծելու։ Իմ նախընտրական հանդիպումներին ես խոստանում էի, որ մարդկանց կյանքը պետք է բարելավեմ, ոչ թե մի քանի հոգու դատեմ։ Ճի՞շտ եմ արել, թե՝ ոչ, չգիտեմ։ Այն ժամանակ եղել է ներքին լարվածություն, դժգոհություն, բայց մենք պատերազմ չէինք պարտվել, զոհեր ու տարածքային կորուստներ չէինք ունեցել։ Անցյալը մի վտանգավոր բան էլ ունի․ կարող է գնաս ու չկարողանաս հետ գալ։ Երբ որ հայացքդ դեպի անցյալ է լինում, դու ապագան դժվար ես տեսնում»։
«Միջանցք բառը հիմա ընդհանրապես չպետք է օգտագործել։ Եթե խոսքը գնում է բոլոր կոմունիկացիաների ազատ աշխատանքի մասին, այո՛, թող դրանք աշխատեն։ Ի՞նչ է նշանակում միջանցք։ Այդ հարցը քննարկելը մեզ համար ձեռնտու չէ։ Երբ որ ասում են, որ հիմա կբացվի և ամեն ինչ կսկսի աշխատել, այդպես չէ, որովհետև Թուրքիան երկաթուղի է կառուցելու Նախիջևանից դեպի Իգդիր։ Դա լինելու է մոտ 87 կմ-նոց հատված։ Հենց որ այդ հատվածը միացնեն, Ագարակի հատվածը չի աշխատելու։ Իսկ նոր հատվածը դառնալու է միջանցք, որը կապելու է Թուրքիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Աշխարհաքաղաքական առումով սա բավականին լուրջ հետևանքների է բերելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը