21 05 2021

Ժողովրդի մոտ պետք է քաղաքական մշակույթ ձևավորվի՝ չընտրել տգետին․ Ռոբերտ Քոչարյան



Կիսում եմ այն գաղափարը, որ մենք ունենք կառավարման լրջագույն խնդիր։ Ես դա բնութագրում եմ, որպես կառավարման ճգնաժամ Հայաստանում: Եթե մարդիկ նույնիսկ խաղաղ պայմաններում կառավարման հետ պրոբլեմներ ունեն, ապա ճգնաժամային իրավիճակում այդ խնդիրները ոչ թե բազմապատկվում են, այլ՝ աճում հիպերբոլով և հասնում տիեզերական մասշտաբների։ Դա պատերազմի սկսման պատճառներից մեկն է։ Մեր հակառակորդը հասկացել է, որ գործ ունի հայաստանյան մի իշխանության հետ, որն ի վիճակի չէ արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացրել։ Բոլորս տեսանք, որ այդպես է: Միակ գործառույթը, որ նրանք փայլուն կատարել են, սեփական ժողովրդին 44 օր դեզինֆորմացնելն էր: Վարպետորեն են կատարել: Աշխարհի լավագույն ֆեյքերի ինստիտուտներով հավաքվել են և մի ամբողջ ժողովրդի 44 օր խաբել, մոլորեցրել են։ Այս մասին առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչպե՞ս կարելի է պայքարել սրա դեմ: Բավականին դժվար է օրենսդրական մակարդակով որևէ բան անել:

Օրինակ՝ քաղծառայության համակարգը ենթադրում է կրթական ցենզ, աշխատանքային ստաժ: Դու չես կարող ստեղծել քո կարիերան, եթե այդ աստիճաններով չես անցել: Չե՞ք նկատել, ինչպես են նրանք դա շրջանցում: Մի օրով մարդուն նշանակում են մի պաշտոնի, հետո նա թռչում է և դառնում ԱԱԾ պետ: Կամ երկու աստիճանով են անցնում: Ինչ օրենք ուզում ես գրի, եթե ագրեսիվ տգիտությունը տիրում է իշխանական համակարգում, նրանք փորձելու են այդ օրենքը շրջանցել: Ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք ունեցել են բավարար ձայներ խորհրդարանում նման օրենսդրական փոփոխություններ կատարելու համար: Ճիշտը օրենսդրորեն դա սահմանափակելն է, որ ամեն մարդ չգա ու իր արհեստավարժության կամ տգիտության մակարդակին համահունչ ինչ-որ քայլեր ձեռնարկի: Բայց մենք տեսնում ենք՝ ինչ է նշանակում 88 ձայն խորհրդարանում և այսպիսի բեսպրեդել մարդկանց կյանքում:

Լավագույն ձևը համակարգային մարդ ընտրելն է։ Եթե երկրի առաջին դեմքը քաոտիկ, անգրագետ, տգետ, սուտասան մարդ է, ինչ ուզում ես արա, նրանք միշտ էլ օրենքը շրջանցելու ճանապարհ կգտնեն։ Մեր ժողովրդի մոտ պետք է քաղաքական մշակույթ ձևավորվի, մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան, թե ինչ հետևանքների է բերում նման ընտրությունը: Պետք է փակել օրենքը շրջանցող այդ փոքր պատուհանները, որ թույլ են տալիս պաշտոնների նշանակել ոչ պրոֆեսիոնալ մարդկանց: Կարելի է օրենսդրությամբ ավելի խիստ պահանջներ դնել կրթական ցենզի վերաբերյալ։ Օրինակ, ճիշտ չեմ համարում, որ իրավաբանը պետք է և կարող է առողջապահության ոլորտ կառավարել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ