Ընտրություններն իշխանություն ձևավորելու բնավ լավագույն միջոցը չեն։ Շատ հեշտ է հասարակությանը խաբել, մոլորեցնել, ստեղծել տարաբնույթ հուզական ենթատեքստեր, ամենը վերածել մարզական ինչ-որ մրցման` մարզիկներով, հանդիսատեսով ու երկրպագուներով․ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Սա է պատճառը, որ զարգացման «ժողովրդավարական» ճանապարհն ընտրած երկրներից հաջողել են նրանք, որոնք կարողացել են ձևավորել այնպիսի ֆիլտրերով համեմված քաղաքական համակարգեր, որոնց պարագայում իրական ընտրությունը կատարվում է շատ ավելի վաղ, քան այն ստանում է իր փաստաթղթային ձևակերպումը։ Վերջում միայն հասարակությանը թույլ է տրվում «ընտրություն» կատարել աննշան դետալների մեջ, գնալ տեղամաս, թուղթ լրացնել, նետել արկղն ու երջանիկ լինել այն մտքից, թե ինքն իշխանություն է ձևավորում։ Զարգացած համարվող երկրներում բնական ճանապարհով ձևավորված ոչ մի էլիտա երբեք թույլ չի տա, որպեսզի «լայն զանգվածները» ուղղակի ձևավորեն իշխանություն «իրենց տեսքով ու նմանությամբ», կործանելով այդ երկրները», - նշել է նա։
Փաստաբանը շեշտել է՝ հիմա Հայաստանը կրկին գնում է ընտրությունների առանց ֆիլտրերի, առանց քաղաքական համակարգի, առանց ձևավորված էլիտայի։
«Հավասար են թե իրական գործիչները, թե տարատեսակ պարապ շարլատանները։ Ավելի ճիշտ անհավասար են, քանի որ իրական քաղաքական, պետական գործիչներն ունեն ներքին պատասխանատվություն շաղ չտալու տարատեսակ խոստումներ, չանելու անպատասխանատու հայտարարություններ, ստելուց դա անելու գոնե չափավոր։ Շարլատանները, սակայն, այս հարցում ազատ են, քանի որ իրենց նպատակին հասնելու ճանապարհին չունեն որևէ արգելք։ Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք, ու պետք է փորձենք որևէ կերպ հնարավորինս շահած դուրս գալ իրավիճակից, հատկապես որ իրավիճակն իրոք օրհասական է, իսկ ընտրություն չենք կատարում միայն անձանց ու ծրագրերի մեջ, ընտրությունը կյանքի ու մահվան միջև է», - նշել է Վարոսյանը։
Փաստաբանն ընդգծել է՝ ինքը որևէ քաղաքական ուժի, թիմի մաս չէ, դժվարությամբ իրեն կհամարի անգամ նրանցից որևէ մեկի համակիր։
«Այդ պատճառով ոչ մեկի համար քարոզ չեմ տանի, չեմ համոզի ընտրել սրան կամ նրան։ Բայց ինքս ինձ համար ձևավորել եմ մի քանի չափանիշ, որոնք թույլ կտան չսխալվել կամ սխալվել հնարավորինս ոչ ողբերգական հետևանքներով.
Նայեք թեկնածուների թիմերին, ովքեր են նրանք, ինչ կրթություն ունեն, ինչ մասնագետներ են, խելք ունե՞ն ի վերջո, ինչ ճանապարհ են անցել, որտեղ են հաջողել, որտեղ ձախողել, իրենց կյանքում մինչև հիմա ինչ-որ բանի հասե՞լ են, թե իշխանություն են տենչում, որ նոր հասնեն, տեսա՞ծ են, թե չտես, ունա՞կ են ինչ-որ բան կատարել, թե դատարկախոսներ են, սկզբունքայի՞ն են արդյոք, թե պատրաստ են ամեն պատեհ պահի մաշկափոխ լինել, պատրա՞ստ են իրենց գաղափարի համար զրկանքներ կրել, թե շահի համար ցանկացած պահի կկռանան իշխանություն ունեցողի դիմաց, ունա՞կ են սեփական կարծիք ունենալ, թե պատրաստ են ծափահարել ցանկացած զառանցանքի։ Կրկնում եմ` սա պարզապես ընտրություն չէ, սա կյանքի ու մահվան կռիվ է։
Աստված մեզ պահապան», - նշել է Վարոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը