07 05 2021

Ինչ է ուզում Լևոն Տեր-Պետրոսյանը․ հունիսի 21-ին ընդառաջ․ 7or.am

Ինչ է ուզում Լևոն Տեր-Պետրոսյանը․ հունիսի 21-ին ընդառաջ․ 7or.am

7or.am-ը գրում է․ ՀՀ երեք նախագահներով միավորվելն ու փոփոխությունների գնալը քաղաքական ռոմանտիզմի ոլորտից է։ Նման ռոմանտիկ առաջարկ է հրապարակավ արել Լևոն Տեր-Պետրոսյանը, ում քաղաքական ռոմանտիզմի հետևորդ չես համարի։ Հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ է նա հրապարակավ նման բան առաջարկում՝ նախապես իմանալով, որ այդ առաջարկը չի ընդունվելու։ Հատկապես, երբ մասնավոր հանդիպման ժամանակ առաջարկն արդեն մերժվել է։

Նիկոլից տարանջատվելու սուր ցանկությունը

Անկե՞ղծ է Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել։ Ամենայն հավանականությամբ՝ այո՛։

Ազնի՞վ է իր գործողություններում Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարում է, որ Նիկոլին քշելու համար պետք է ՀՀ երեք նախագահները միասնական ցուցակ կազմեն, իրենք չհավակնեն իշխանության և այդ տարբերակով մասնակցեն քաղաքական գործընթացներին։ Ո՛չ, ՀՀ 1–ին նախագահն ազնիվ չէ։ Քաղաքական ռոմանտիզմի տակ լրիվ այլ հաշվարկ է թաքնված։

Տեր–Պետրոսյանն այդպիսի հայտարարություն անելով նախ փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։ Որքան էլ նրանց միջև կա ներտեսակային պայքար ու նախանձ, միևնույն է հանրային ընկալման մեջ նրանք նույն միջավայրի ու նույն քիրվայական տիրույթի գործիչներ են։

Տեր–Պետրոսյանը Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասնաբար հանդես գալու առաջարկով փորձում է ցույց տալ, թե ինչքան է ինքն ուզում հեռացնել Նիկոլին, որ անգամ իր ոխերիմ քաղաքական հակառակորդների հետ է պատրաստ միավորվել։

Նկատենք, որ Տեր–Պետրոսյանը փորձում է տարանջատվել անձից, այլ ոչ թե կոդերից, քանզի բոլոր այն հակապետական քայլերը, որոնք արվում էին Նիկոլի կողմից վերջին 3 տարիների ընթացքում, ողջունվում էին Տեր–Պետրոսյանի կողմից։ Դե իսկ Արցախի մասով տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էր ՀՀ 1–ին նախագահը դեռևս արցախյան 1–ին պատերազմի ժամանակ, օրինակ, «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում։ Նա Արցախը տեսնում էր Ադրբեջանի կազմում։ Նիկոլին որ մնար, հիմա Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում կլիներ, բայց ռուսների միջամտությամբ Ստեփանակերտն ու հարակից փոքրիկ տարածքները փաստացի անցել են Ռուսաստանին՝ անորոշ հեռանկարով։

Նիկոլի ու Լևոնի տարբերությունն այն է, որ վերջինս պատրաստ էր ամբողջը հանձնել թղթով։ Նիկոլն էլ էր պատրաստ ամբողջը հանձնելուն, բայց դա արեց պայմանավորված պատերազմով, որպեսզի, ինչպես ինքն է ասում, իրեն չասեն՝ «Նիկոլ դավաճան»։ Ասել է թե՝ Նիկոլն իրագործեց լևոնական ծրագիրը, բայց արյունոտ տարբերակով, այսինքն՝ իր ոճով։ Ինչպես որ 2008թ․ մարտի 1–ին էր Նիկոլը փորձում արյունով գալ իշխանության, այնպես էլ 2020–ին արյունով արեց իր սրտի ուզածը, որը տարիներ շարունակ քարոզել էր՝ լևոնական կոդերի շրջանակներում։

Հունիսի 21–ին ընդառաջ

Տեր–Պետրոսյանի «ռոմանտիկ» առաջարկն ուներ նաև այլ՝ ներքաղաքական ենթատեքստ։

Նա ուզում էր ցույց տալ, թե, իբր, հանուն Նիկոլից ազատվելու և երկիրն այս վիճակից դուրս բերելու՝ փորձում է համախմբել բոլորին, գնալ ինքնազոհության՝ շատ լավ իմանալով մյուսների պատասխանը։

Լևոնը փակ հանդիպման թեման հրապարակայնացրեց այն հաշվարկով, որ եթե հունիսի 20–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլին հաջողվի կեղծել ու պահել աթոռը, ապա ինքը միանգամից դրա համար կմեղադրի հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, որ ահա ինքն ուզում էր փրկել հայրենիքը, բայց ոմանց քաղաքական հավակնությունները և սխալ հաշվարկը թույլ չտվեցին դա անել։

Եվ այսպես, Լևոն Տեր–Պետրոսյանը ներքուստ ցանկանում է Նիկոլի վերարտադրություն, որպեսզի հունիսի 21–ին հանդես գա «Տեսա՞ք, բա որ ասում էի, բայց ինձ, ավա՜ղ, չլսեցին, և ահա թե ով է մեղավորը․․․» ոճի հայտարարությամբ։ Մի խոսքով՝ ոչ մի անձնական բան, միայն քաղաքականություն։ Ու դատելով ամենից՝ Տեր–Պետրոսյանը միակը չէ, որ պատրաստվում է հունիսի 21–ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ