«Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բացառապես հայկական համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքն է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Կարծում եմ, որ համայնքն իրոք բավականին լուրջ աշխատանք է տարել: Հաշվի առնելով միջազգային իրավիճակը, թուրք-ամերիկյան հարաբերությունները, նաև Թուրքիայի վարքագիծը, մեր համայնքը շատ պրոֆեսիոնալ լոբբիստական աշխատանք տարավ, վերջին մի քանի օրերի ընթացքում մեկ միլիոնից ավելի ստորագրություն հավաքվեց և ուղարկվեց Սպիտակ տուն՝ պահանջելով Բայդենից ճանաչել Ցեղասպանությունը: Էլի համայնքի ջանքերով Սենատի և ներկայացուցիչների պալատ 100-ավոր անդամներ ստորագրահավաք կազմակերպեցին՝ Բայդենից պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը: Մի խոսքով, բավականին ակտիվ և հետևողական աշխատանքի արդյուքնում ստացանք այս ճանաչումը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս ճանաչումն առարկայական ինչ է տալու մեզ, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Սրա առարկայականությունը բացառապես պայմանավորված է մեր իշխանությունների կարողություններով, որովհետև սա նաև լրջագույն քաղաքական նախադեպ է, որպեսզի մենք կարողանանք շատ ակտիվ կիրառել որպես նախադեպ մեր արտաքին քաղաքականության մեջ, նաև Թուրքիայի նկատմամաբ ճնշումներ գործադրենք»:
Իսկ թե ինչ ինչպես է գնահատում այս առումով մեր իշխանությունների կարողությունները, Սարգսյանը պատասխանեց. «Զրոյական»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը