Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են... լավ մտածեք, մենք ե՞նք ձեր տեղը մեղավոր, մենք պետք է՞ պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նրա գրառումը՝ ստորև.
«Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն, մեկին նստացնելով, մյուսին գնդակահարելով, երրորդին մինչև վերջ ստորացնելով։
Արդյո՞ք կհաջողվի դրանով պատասխանատվության և մեղավորության տակից դուրս գալ։
Այս հարցին պատասխանելու համար 3 տարի պետք է հետ գնալ ու տեսնել, թե ովքե՞ր էին բանակի հրամանատարությունը, ումո՞վ նրանց փոխարինեցին։
Կարճ ասած, ում որոշմամբ են նշանակվել զինված ուժերի հրամանատարությունը, պաշտպանության նախարարն ու իր տեղակալները, Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նույնը գրեթե նույն սկզբունքով Արցախում։
Նախկինների ցանկությամբ է՞ Դավիթ Տոնոյանը 2018-ին նշանակվել Պնախարար։ Արտակ Դավթյանին, ապա՝ Օնիկ Գասպարյանին, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին, իսկ հետո՝ Ջալալ Հարությունյանին «նախկինների» ճնշմամբ ե՞ն պաշտոնների նշանակել։
ԱԽ քարտուղարի մասին դեռ չեմ խոսում։
Չեմ ուզում թվարկել Արցախում, Հայաստանում վերջին 3 տարիներին զորամիավորումների և զորամասերի հրամանատարների մեծ թիվ կազմող փոփոխություններին։ Զորամաս կա, որ 2018-2021 թվականների ընթացքում 2-3 զ/մ-ի հրամանատար է փոխվել։
Ասածս ինչ է՝ ձեր նշանակած հրամկազմն է, պաշտպանական ոլորտի ձեր նշանակած պատասխանատուները, ոլորտում ձեր վարվող քաղաքականությունը, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս, ո՞ւմ վրա եք պատասխանատվությունն ու մեղավորությունը փորձում բարդել։
Ես չեմ ասում, որ այս 3 տարվա ընթացքում նշանակված հրամանատարները լավն են, թե վատը, իրենց թվում շատ արժանի սպաների եմ ճանաչում, բայց հարցը հետևալում է՝ որ տապալումները վերագրում եք պաշտպանական համակարգի պատասխանատուների վրա, սրան նրան ուղարկում պարտությունը նրանց վրա բարդելու համար, չե՞ք հասկանում, որ մարդիկ բութ չեն, հիշողության կորուստ չունեն։
Նշանակողն էլ էիք դուք, հանողն էլ, բա դրա համար ո՞վ է պատասխան տալու։
Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են... լավ մտածեք, մենք ե՞նք ձեր տեղը մեղավոր, մենք պետք է՞ պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։
Թե չէ մարզից մարզ են գնում, տաղավարից մեկ այլ տաղավար ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին։
Ու բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք՝ ինչ ճանապարհով էլ լինի ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը