«Բաքվում երեկ բացված այդ տխրահռչակ թանգարանի բացումը, այսօրվա հոխորտալից հայտարարությունները, դրանց աղբյուրը նույնն է․ Հայաստանում շարունակում է գործել պարտված իշխանությունը, որը ոչ միայն մարտի դաշտում, այլեւ ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ էլ, ցավով եմ նշում, մարդկային դաշտում չի կարողանում հակադարձել թուրք-ադրբեջանական հարձակումներին։ Ասեմ ավելին, այդ հոխորտանքներն ընդամենը բառեր չեն, դրանք կարող են ունենալ որոշակի հենք․ եթե բռնցքամարտի ռինգում մեկը վստահ է, որ հաղթելու է, անընդհատ հարձակվելու է։ Հիմա, երբ ասում են, թե Փաշինյանի օրոք խաղաղություն հաստատվեց, ես բոլորովին հակառակ կարծիքի եմ, եթե այս վարչակազմը մնա իշխանության, պատերազմն անխուսափելի է, որովհետեւ այս ղեկավարության հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները ոչ մի խնդիր չունեն․ ուզում են՝ սահման են փոխում, ուզում են՝ ձեռ են առնում, լկտիությունն այնտեղ է հասել, որ Ալիեւն ասում է՝ ես հո տանկերով չեմ մտնելու Երեւան, ուրիշ կերպ կվերցնեմ, երեւի նկատի ունի՝ փողով։ Այսինքն մեր իշխանության անօգնականությունն այն աստիճանի է հասել, որ թշնամական երկրի ղեկավարը նման լկտիություն է թույլ տալիս։ Սա խայտառակ փաստ է։ Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով մի այսպիսի տերմին էր մտել շրջանառության մեջ՝ կա պատերազմի եւ կա խաղաղության կուսակցություն, Փաշինյանինը ոչ այն է, ոչ՝ այս, նա պարտության կուսակցություն է։ Քանի կա Փաշինյանն իր վարչակազմով, մենք ունենք պարտության իշխանություն։ Խոսակցությունը, թե Փաշինյանը գնա, կգա ռեւանշիստների իշխանությունը՝ մանիպուլյացիա է։ Այսօր տեսա ԱԳՆ-ի արձագանքը այդ խայտառակ թանգարանի բացմանը։ Չգիտեմ ինչ բառերով կարելի գնահատել՝ մեր զինվորների գերեզմաններից թանգարան սարքելը»։
Այս մասին Հ2-ի «Խոսքի իրավունք» հաղորդաշարի ժամանակ ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին երկու օրերի գործողություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը