13 04 2021

Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ․ Ստեփան Դանիելյան

Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ․ Ստեփան Դանիելյան

 իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վեևրլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անգամ Թուրքիան ու Ադրբեջանն Հայաստանին թշնամի չեն ընկալում, ուղղակի ունեն դժգոհություններ Ռուսաստանից, որին Հայաստանը, որպես տարածք, դեռ պետք է: Այսինքն, Հայաստանի գոյությունն, ըստ նրանց, պայմանավորված է Ռուսաստանով ու խնդիրները պետք է Ռուսաստանի հետ լուծել: Սա Հայաստան ունունը կրող տարածքի համար մրցակցություն է:

Պարզ ձևակերպենք, Հայաստանն անգամ թշնամիների կողմից որպես սուբյեկտ, որպես ինքնորոշված քաղաքական միավորում չի ճանաչվում: Էլ ինչ իմաստ ունի թշնամություն անել մեկի հետ, որն իրեն որպես քաղաքական սուբյեկտ չի ճանաչում, չունի ինքնավարություն, չունի կարծիք, չունի նպատակներ, և հետևապես չի վարում որևէ քաղաքականություն:

Բնականաբար, դա միշտ չի այդպես եղել, դա սկսվել է 2018 թվականից ու իր ավարտական տեսքն է ստացել պատերազմից հետո: Սա չի նշանակում, որ մինչ այդ ամեն ինչ ճիշտ է եղել, եթե ճիշտ լիներ, չէր լինի նաև Իմ Քայլը դաշինքը: 2018 թվականի իշխանափոխության պատճառները դեռ պետք է քննարկել ու պարզաբանել դրա արմատները:

Կարծում եմ, այս ամենն ակնհայտ է, այդ դեպքում ինչի համար եմ սա գրում: Նախ, այս վիճակը ֆիքսելու համար, որը, որքան էլ տարօրինակ չի, ոչ բոլորն են հասկանում:

Երկրորդ պատճառն ավելի ցավալի է: Կարծես թե նախընտրական շրջանում ենք ու պոտենցիալ մասնակիցները պետք է քննարկեին այս վիճակն ու հանրությանն առաջարկեին հնարավոր լուծումները: Նման պարագայում ընտրությունները դառնում են «ընտրություններ», այսինքն, կուսակցությունները հանդես են գալիս առաջարկություններով, իսկ հանրությունն այդ առաջկությունների միջև ընտրություն է կատարում` քաղաքական գործընթաց է ընթանում:

Մենք սա չենք տեսնում: Սա ֆանտաստիկ վիճակ է: Քննարկվում է թալանի հարցը, դավաճանության հարցը, լավ ու վատ լինելու խնդիրը, ով է արևմտամետ ու ով` ռուսամետ, առանց անգամ քննարկելու այդ երկրների քաղաքականությունն այս ռեգիոնում ու դրանից բխող վերաբերմունքը մեր հանդեպ:

Ընտրությունների ողջ իմաստը բերվել է երկու թեզի.

- մեզ ով կփրկի` Ռուսաստանը, թե Արևմուտքը,

- ինչպիսի քաղաքական միավորում ընտրենք, որը չլինի նախկին ու չլինի ներկա, ու եթե ոչ նախկին է, ու ոչ ներկա է, ուրեմը լավն է, թեկուզ կյանքում չի աշխատել, պարզ չէ, թե ինչ միջոցներով է գոյատևում, գլխում ինչ տառականներ կան ու ինչպես է կառավարելու:

Հիմնական փաստարկը «հերթի» հարցն է դարձել, բոլորը համարում են, որ իշխելու իրենց «հերթն» է եկել, առանց պարզաբանելու, թե այդ ով է հերթագրել ու որտեղ է հերթի ցուցակը գտնվում:

Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտ կոչվածը դեգեներացիայի վիճակում է:

Բայց անգամ դա չէ ամենավատն, այլ այն, որ եթե հանկարծ փորձեք իրական քննարկում ծավալել, որի ժամանակ կարող է կասկածի տակ դրվել «ոչ նախկին, ոչ ներկա» թեզի ապուշություն լինելը, կամ կասկածի տակ դնեք փրկիչ երկրների փրկիչ լինելու թեզը, դուք հարվածի տակ եք դնում հիմնական նախընտրական դոգմաներն ու վերածվում եք թշնամու:

Չի կարելի մտքի անապատի անդորրը խախտել, դա կարող է կասկածի տակ դնել ավազե տնակների ամրությունն ու տապալել նախընտրական հավակնությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ