«Փաստինֆո»-ն գրել է․ Անհասկանալի է, որ իշխող ուժը ներսում թշնամանք է խաղում, իսկ դրսի թշնամու հետ բարեկամական կապեր է ուզում ձևավորել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նախկին իմքայլական պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումներ պետք է փոխել և դադարենք նրանց որպես թշնամի ընդունել։ Ի դեպ, Ա.Գրիգորյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւս Արմավիրում զարգացրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու միտքը։
«Իշխող ուժը լավ կլինի, եթե այդպիսի մեծ քայլերի է գնում, ուզում է թշնամական երկրի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծի, թող իր ներսում իր հայրենակիցների հետ բարեկամական շփումները վերականգնի, նոր անցնի ուրիշ երկրներին, այդպես ավելի արդար կլինի: Թե չէ ներսում թշնամանք են խաղում, դրսի թշնամու հետ բարեկամական կապեր են ուզում ձևավորեն, դա ինձ համար անհասկանալի է»:
Դիտարկմանը, որ հայկական կողմը մշտապես կողմ է եղել հարևանների հետ ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն առանց նախապայմանների, իսկ Թուրքիան որպես նախապայման առաջարկել է Հայկական հարցի, Արցախի անկախությունից հրաժարումը, որքա՞նով է հավանական համարում, որ Հայաստանի իշխանություններն ընդունեն Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, եթե մտածում են «շտկել» մոտեցումները՝ Աթաբեկյանն արձագանքեց, որ գործող իշխանության դեպքում ոչինչ չի բացառվում.
«Եթե հայկական կողմը այս իշխանությունը լինի, միգուցե, բայց ես համարում եմ, դա շատ սխալ է, մեր պարագայում ճիշտ կլիներ հաշտության ձեռք մեկներ Թուրքիան՝ ճանաչելով ցեղասպանությունը: Ընդհանրապես կարգն այդպես է, երբ դու կոտորում ես մի ազգի, դրանից հետո բարեկամական ձեռք մեկնելու համար գոնե ընդունի արածդ սխալը, որ ցեղասպանություն ես արել, ներողություն խնդրի, նոր փորձի բարեկամական կապ հաստատել, բայց երբ ցեղասպանվողն է բարեկամական ձեռք մեկնում, դա տարօրինակ է»,-ասաց Աթաբեկյանը:
Հարցին՝ թե հայկական կողմին ի՞նչ կտա ճանապարհների ապաշրջափակումը և նրանց հետ տնտեսական կապերի հաստատումը, ԱԺ պատգամավորը պատասխանեց.
«Ցանկացած ապաշրջափակում կարող է լավ բանի տանել, բայց այս իշխանությունների պարագայում ինձ թվում է՝ ոչ, որովհետև եթե նայենք, Թուրքիան իր ողջ տնտեսությամբ գրեթե «գնել է» Բաթումը, կարող է կարճ ժամանակ Վրաստանի տնտեսության համար լավ է եղել ներդրումային առումով, բայց վերջում կարող է պարզվի, որ կորցնում է Բաթումը: Այնպես որ միանշանակ չես կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա, նայած թե բացելուց հետո ինչ պայմաններ ես դնում, ինչ գործիքներ ես կիրառում, որ նրա տնտեսությունը քո տնտեսությունը «չուտի»»:
Իսկ թե ընտրությունների շեմին՝ Հայաստանի դարավոր թշնամիների հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան իշխող ուժի վարկանիշի վրա, զրուցակիցը նկատում է, որ հասարակությունը սթափ չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին.
«Անկեղծ ասած, եթե Արցախը հանձնելուց հետո վարկանիշային շատ քիչ տարբերություն եղավ, կամ էլ տարբերություն եղավ, բայց իրենք հաշվի չառան, ինձ թվում է մի տեսակ «բթացման» պրոցես է գնում երկրում, ինչ էլ անեն վարկանիշի վրա ազդեցություն չի ունենա:
Սկզբից Արցախը հանձնեցինք, հետո Սյունիքում դիրքեր տեղաշարժեցինք, հիմա Թուրքիայի հետ ենք ուզում հարաբերություններ հաստատել, այս ամենին պետք է լիներ կոշտ արձագանք հանրության կողմից, բայց ինչպես տեսնում եմ «բթացման» պրոցես է, երևի լուրջ տեխնոլոգիաներ են կիրառել, հանրությունը շոկից դուրս չի գալիս, այս ամենի 10 %-ը եթե նախկին իշխանություններն անեին, շատ կոպիտ կքարկոծվեին, մեր երկրում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում, բայց հուսով եմ մեր ժողովուրդը կսթափվի և սթափ կարձագանքի այս ամենին»,-ասաց Վարդան Աթաբեկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը