Մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․
Հայրենակիցնե՛ր.
Հայրենիքը կործանման եզրին է:
Ներկայիս իշխանությունների հայրենադավ և ազգադավ գործունեության պատճառով կորցրել ենք գրեթե ողջ Արցախը, անխնայորեն <<մկրատվում>> են ՀՀ պետական սահմանները, նենգ դավաճանությամբ կազմալուծվել է Հայոց բանակը՝ իր անդառնալի մարդկային տասնյակ հազարավոր կորուստներով և ռազմատեխնիկական բազայի փոշիացմամբ:
Պետության ներքին և արտաքին քաղաքականության մեջ համատարած քաոս է:
Անգործության են մատնվել պետական գերատեսչությունները, արտաքին աշխարհում ոչ լրջմիտ վերաբերմունք է ձևավորվել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Կորսված են ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
Իրականությունը սթափ գնահատելու, ժողովրդին ճշմարտությունը ազնվորեն և շիտակ ներկայացնելու փոխարեն՝ ներկա վարչակարգը որդեգրել է ստի, կեղծիքի, աճպարարության մի քաղաքականություն, որի նպատակը սեփական ապաշնորհության, հակազգային գործունեության կոծկումը և հոգևարքի մեջ հայտնված իրենց տխրահռչակ իշխանության երկարակեցության ապահովումն է:
Իշխանական քարոզչությունն ուղղորդված է մարդկանց զգացմունքներին, բնազդներին և ոչ թե բանականությանը: Ճարպկորեն մեզնից խլվում են Հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, հավաքական հիշողությունը, որի հետևանքով հայ ժողովուրդը վերածվում է ամբոխի:
Ամենայն հայոց բանաստեղծը ժամանակին բանաձևել էր ժողովրդի և ամբոխի տարբերությունը. <<Ժողովուրդը իմաստուն է, ամբոխը՝ հիմար: Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև: Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար: Ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան...>>:
Մի՞թե մեզ համար գերադասելի է ամբոխացումը:
Հայրենակիցնե՛ր.
Մենք՝ մտավորականներս, մերժում ենք հայ ժողովրդի ամբոխացումը, կոչ ենք անում միավորվել այս ազգակործան իշխանության դեմ և մերժել նրանց վերահսկողության ներքո իրականացվող ամեն մի քայլ:
Պետության վերածնության միակ ճանապարհը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են, որի երաշխավորը, սակայն, այս իշխանությունը չի կարող լինել:
Ուրեմն՝ մեզ անհրաժեշտ են ընտրություններ՝ առանց այս հայրենադավ և ազգադավ իշխանության ու նրա վերահսկողության:
<<Ձայն Հայրենեաց>> նախաձեռնություն
<<Մ. Ի. Տ. Ք. Ազգային Խորհուրդ>>
<<Հայ Ազգային ճակատ>>
<<Ձայն Հայրենեաց>>-ի Շիրակի մարզի մասնաճյուղ
<<Ձայն Հայրենեաց>>-ի Լոռու մարզի մասնաճյուղ
<<Ձայն Հայրենեաց>>-ի Վայոց ձորի մարզի մասնաճյուղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը