Hraparak.am-ը գրում է.
«ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ այն պետք է երկրորդ ընթերցման ներկայացվեր, հանձնաժողովի փոխնախագահ, այս օրենքի գլխավոր հեղինակ, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ավելի քան 30 խումբ առաջարկ է արել։ Դրանցից մեկը վերաբերում է ուսանողական միություններին․
«Ուսանողներն իրավունք ունեն նախաձեռնել եւ ստեղծել ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվել եւ անդամակցել դրանց ու հանդես գալ ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով։
Բուհի ուսանողական ինքնակառավարման մարմինները բուհում եւ դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ, որոնցում միավորվում են որոշակի նպատակի, նախաձեռնության, ծրագրի, գաղափարների, սոցիալական (կամավորական) շարժման մասնակիցներ (հետեւորդներ), ինչպես նաեւ իրականացնում են ուսանողների շահերից, կարիքներից, իրավունքների պաշտպանությունից ու պարտականություններից բխող գործառույթներ։ Համաձայն բուհի կառավարման խորհրդի կողմից սահմանված կարգի՝ ուսանողական կառույցներն իրականացնում են ֆոնդհայթայթման միջոցառումներ, որի արդյունքում գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը»։
Այսինքն՝ Հովհաննիսյանն առաջարկում է բուհերում մի քանի ուսխորհուրդ ստեղծելու հնարավորություն տալ, որոնք կարող են բուհից անկախ ֆինանսական միջոցներ հայթայթել։ Հիշեցնենք, որ նախկինում ԵՊՀ-ում ակտիվ գործունեություն էր ծավալում «Ռեստարտ» կազմակերպությունը, որն ակցիաներ էր անում եւ ի վերջո հասավ Արամ Սիմոնյանի հրաժարականին։ Հետագայում հայտնի դարձավ, որ այս կազմակերպությունը մեծ դրամաշնորհներ է ստացել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունից՝ Սորոսի հիմնադրամից։ Փաստորեն, Հովհաննիսյանն առաջարկում է նմանատիպ կազմակերպություններին նաեւ իրավական կարգավիճակ տալ եւ նույնիսկ օժտել ներկայացուցչական լիազորություններով, օրինակ՝ կառավարման խորհուրդներում անդամներ ունենալու եւ քվեարկելու լիազորությամբ։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն անհասկանալի է այդ կառույցների ներկայացուցչականության հարցը, ՈՒԽ-ն, օրինակ, իր ներկայացուցչականությունը ստանում է քվեարկության շնորհիվ․ «Ինքն ասում է, որ օրենքի այս նախագիծը որոշակի հստակեցումներ է մտցրել, բայց իրականում այն ավելի շատ անհստակեցումներ է մտցրել ու անկայունություն է հաղորդել բուհին, որովհետեւ այն, ինչ ինքն ասում է, որ պիտի ստեղծվեն ուսանողական մարմիններ, ներկայումս էլ ուսանողական մարմիններ, միավորումներ կարող են ստեղծվել, օրինակ՝ համալսարանում կան մի քանի ուսանողական մարմիններ՝ «Երիտասարդ միջազգայնագետների ակումբ» կա, որ ուսխորհրդի հետ կապ չունի, կա ռազմահայրենասիրական դաստիարակության «Վարդանանք» ակումբ եւ այլն։ Այս կառույցներն ՈւԽ-ից անկախ են եւ ունեն իրենց ինքնավարությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ ինքնավարությունը չի կարող դրսեւորվել կառավարման մարմիններում ներկայացուցիչներ ունենալով։
Մենք ներկայացուցչականությունն ապահովում ենք հետեւյալ կերպ․ նախ մենք պիտի լինենք ներկայացուցչական եւ մեր միջոցով ապահովենք ուսանողների ներկայացուցչականությունը կառավարման մարմիններում, հիմա իրենց առաջարկությամբ ցանկացած միավորում, որը, օրինակ, կարող է լինել ընկերական շրջապատ կամ բարեկամական խումբ, ստեղծի միավորում եւ պահանջի, որ պետք է մասնակցի համալսարանի կառավարմանը։ Դա արդարացի՞ է։ Ուսանողական խորհուրդն իր ներկայացուցչականությունն ապահովում է ընտրությունների միջոցով՝ յուրաքանչյուր կուրսում ընտրություններ անցկացնելով»։
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա, Ափոյանի խոսքով՝ այժմ էլ կա արտաքին ֆինանսավորման հնարավորություն, բայց քանի որ ՈՒԽ-ն բուհական կառույց է, ֆինանսավորում ստանում է բուհը եւ ուղղում ուսխորհրդին։ Իսկ արտաքին ֆինանսավորումներից իրենք խուսափել են, քանի որ դրան հաջորդում են որոշակի ակնկալիքներ եւ պահանջներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը