27 03 2021

Հայկական կողմը իրավիճակին համահունչ միջոցներ չի ձեռնարկում. Տիգրան Աբրահամյան

Հայկական կողմը իրավիճակին համահունչ միջոցներ չի ձեռնարկում. Տիգրան Աբրահամյան

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Oրերս, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ, առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին ԵՄ կողմից առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ «Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը»։

Այն, որ Ադրբեջանը գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձման առումով խախտում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, արդեն բոլորին է հայտնի:

Այս հայտարարությունում նորություն էր Լաչինի միջացքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտման հատվածը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

Հետաքրքրական է, որ Արցախը իր վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհով թույլատրում է ոչ միայն հումանիտար, այլ շինարարական, ռազմական նշանակության շարասյունների շարժերը:

Որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանը շարժեր իրականացնում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Գետավան-Քարվաճառ և Մատաղիս-Դրմբոն-Վանք-Քարվաճառ ուղղություններով:

Հասկանալի է, որ այս շարժերի իրականացման պատասխանատվությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությունների դաշտում է:

Բացի այն հանգամանքից, որ այս երկու ճանապարհները տարբեր կարգավիճակ և վերահսկողության մեխանիզմներ ունեն, այս ընթացքում Ադրբեջանից չի բարձրաձայնվել իր շարժերի հետ կապված խոչընդոտների մասին:

Սա այն դեպքում, որ ՀՀ ԱԳ տեղակալի ներկայացմամբ, Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխություններիժամանակ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում:

Եթե սրան գումարենք նաև Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհահատվածին, ադրբեջանցի զինվորների ոչ եզակի սադրանքների մասին, ապա սրանով պատկերն ամբողջական կդառնա: Հատկապես որ, հայկական կողմը իրավիճակին համահունչ միջոցներ չի ձեռնարկում:

Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» մասով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Այն, որ Ադրբեջանը երբեք էլ հուսալի կողմ չի եղել և աչքի չի ընկել ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարման առումով, Հայաստանին և նվազագույնը համանախագահ երկրներին վաղուց էր հայտնի, սակայն այստեղ ցավալին այն է, որ Հայաստանը գերպարտաճանաչորեն կատարեց նույն հայտարարության՝ իր ստանձնած դրույթները՝ հանձնեց Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները, իսկ դրա դիմաց, փաստորեն, ստացավ ոչինչ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ