20 03 2021

Շառլ դը Գոլի վերադարձը, որ փրկեց Ֆրանսիան...

Շառլ դը Գոլի վերադարձը, որ փրկեց Ֆրանսիան...

Հազիվ թե լինի քիչ թե շատ գրագետ մեկը, որ չիմանա, թե ով է Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլը կամ պարզապես Շառլ դը Գոլը, Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության հիմնադիրը:

Շառլ դը Գոլը, ի լրումն ամենի, պատմական հրաշալի օրինակ է, թե ինչպես կարող է իր ազգին ու պետությանը նվիրված, սկզբունքներ ու համոզմունքներ, խնդիրների լուծման պատկերացումներ և կամք ունեցող մարդը գործով հայրենասեր լինել: Շառլ դը Գոլը նաև իշխանության վերադառնալու, ծայրահեղ իրավիճակում պատասխանատվությունն իր վրա վերցնելու ուսանելի օրինակ է:

Հանրահայտ է, իհարկե, որ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Շառլ դը Գոլը, չհամակերպվելով Ֆրանսիայի օկուպացիայի իրողությանը, զենքերը վայր չդրեց և շարունակեց պայքարը թե՛ հիտլերյան օկուպացիոն զորքերի դեմ, թե պրոֆաշիստական Վիշի խամաճիկային «Ֆրանսիական պետության» դեմ՝ գլխավորելով «Ազատ Ֆրանսիա» շարժումը և գործնականում դառնալով ֆրանսիական Դիմադրույթան շարժման կենդանի խորհրդանշը:

Հետագայում, արդեն 1944-ի կեսերին, երբ պատմության ու պատերազմի անիվները հակառակ ուղղությամբ էին պտտվում, Շառլ դը Գոլի այդ անհաշտ ու չհամակերպվող մոտեցումները, շարունակած ակտիվ ռազմական դիմադրությունը թույլ տվեցին, որ Ֆրանսիան վերադառնա ոչ միայն ձայն ունեցող պետությունների շարք, այլև դառնա Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիային հաղթած տերություններից մեկը՝ մյուսներին հավասար: Մի բան, որ առանձնապես անգլո-ամերիկյան ծրագրերի հետ «չէր խոսում»: Ի դեպ, այդ փուլում Շառլ դը Գոլին քաղաքական կշռի ավելացման առումով որոշակիորեն աջակցել է ԽՍՀՄ-ը, կոնկրետ՝ Ստալինը:

Բնական է, որ Ֆրանսիայի ազատագրումից հետո, հենց Շառլ դը Գոլը գլխավորեց ձևավորված ժամանակավոր կառավարությունը: Սակայն այդ շրջանում նա ընդամենը մեկուկես տարի եղավ Ֆրանսիայի ղեկավարը՝ հեռանալով կառավարումից,  ըստ էության, պետական կառավարման կարգի վերաբերյալ մյուս ուժերի և գործիչների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, 1946-ի հունվարին:

Ձևավորված «չորրորդ հանրապետությունը» 12 տարի անց կանգնեց լրջագույն մարտահրավերների առաջ՝ հայտնվելով իսկապես խորագույն և համընդգրկուն ճգնաժամի մեջ:

Ձգձգված և ռեսուրսային առումով «տնաքանդ» պատերազմ Ալժիրում, կառավարություն (նախարարների խորհուրդ) ձևավորելու անհաջող փորձեր, տնտեսական ճգնաժամ, միջազգային վարկի և հեղինակության որոշակի անկում:

Եվ ահա, այդ իրավիճակում, 1958-ի մայիսի 10-ին ալժիրցի չորս գեներալներ վերջնագրով դիմեցին նախագահ Ռենե Կոտիին՝ պահանջելով կանխարգելել Ալժիրի հանձնումը: Մայիսի 13-ին «ուլտրա» զինված կազմավորումները գրավեցին Ալժիրի գաղութային վարչակազմի շենքը: Գեներալները հեռագրովդիմեցին Շառլ դե Գոլին՝ ըստ էության Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու պահանջով:

Մի քանի օր անց Շառլ դը Գոլը գործնականում ընդունեց այդ առաջարկ-պահանջը, առավել ևս, որ ստեղծված իրավիճակում գեներալի թեկնածությունը ընդունելի էր գրեթե բոլոր ուժերի և կողմերի համար, բացառությամբ արմատականների և ձախ սոցիալիստների:

Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ հաշված ժամերի ընթացքում հեղաշրջումայինները գրավեցին Կորսիկան ու լուրեր էին շրջանառվում Փարիզում դեսանտ իջեցնելու մասին, ավելի ընդգծվեց դը Գոլին նախապատվությունը տալու անհրաժեշտությունը: Գեներալը դիմեց ապստամբներին՝իր հրամանին հնազանդվելու պահանջով: Մայիսի 27-ին Պիեռ Փֆլիմլինի կառավարությունը հրաժարական տվեց, իսկ նախագահ Ռենե Կոտտին, դիմելով Ազգային ժողովին, պահանջեց վարչապետ ընտրել դը Գոլին և նրան արտահերթ լիազորություններ փոխանցել՝ կառավարություն ձևավորելու և Սահմանադրությունը վերանայելու համար։

Փաստացի, 1946-ին թողնելով պետության կառավարումը, 12 տարի անց Շառլ դը Գոլը վերադարձավ, ինչպես ասվում է՝ ակտիվ քաղաքականություն, և 1959-ից գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, բայց արդեն փոփոխված, ավելի ընդլայնված լիազորություններով: Մեծ հաշվով, հենց այդ անցումն էլ համարվում է Ֆրանսիայի «հինգերորդ հանրապետության» հիմնադրումը:

Ըստ էության, Շառլ դը Գոլը, արդեն որպես Ֆրանսիայի նախագահ, կարողացավ ոչ միայն հասնել կուտակված տնտեսական, սոցիալական, արտաքին ու ներքին հիմնական խնդիրների լուծմանը, պետության վիճակի կայունացմանը, այլև դրեց այն Ֆրանսիայի հիմքը, որը մինչ օրս հանդես է գալիս, որպես համաշխարհային գերտերություններից մեկը:

Սա, եթե հակիրճ: Հետաքրքրվողները կարող են նաև այլ աղբյուրներից օգտվել. քավ լիցի, դը Գոլի կյանքի և գործունեության մասին ու Ֆրանսիայի ժամանակակից պատմության վերաբերյալ աղբյուրների պակաս հաստատ չկա:

Ի դեպ, 1958-ին, նկատենք, Ֆրանսիայում կային գործիչներ, որոնք գուցե ոչ բառացի ասում էին՝ «նախկինին վերադարձ չկա, չի լինելու» կամ նման մի բան: Բայց Ֆրանսիայում այդ հոգեխանգարմունքային ու հիմար մոտեցումը չաշխատեց և Ֆրանսիան ստացավ շանս և վերականգնվեց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ