Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա, հասցրել մարմնական վնասվածքներ և գույքային վնասներ։ Դեպքի հանգամանքերը իրավապահ մարմինները կպարզեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Վերջին ժամանակներում ներքաղաքական լարվածության հետ պայմանավորված հաճախակի են դարձել նաև լրագրողների նկատմամբ հարձակումները թե՛ քաղաքացիների և թե՛ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։ Եթե առաջին դեպքում գործ ունենք ցածր իրավագիտակցության և համընդհանուր սևուսպիտակի ատելության գեներացման հետևանքների հետ, ապա երկրորդ դեպքում՝ լրագրողների նկատմամբ գիտակցված անհանդուրժողականության հետ։
Հանրային և քաղաքական գործիչները, պաշտոնյաները այս հարցում կրում են ավելի բարձր պատասխանատվություն և պետք է լինեն ավելի զսպված և համագործակցային։ Նրանք պետք է գիտակցեն, որ մշտապես հասարակության ուշադրության և հետաքրքրասիրության կենտրոնում են և իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը ևս սահմանափակված է։
Հարգելի՛ պաշտոնյաներ, ցուցաբերեք հանգստություն և հանդուրժողականություն»,- գրել է Սամսոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը