Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները:
Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավվումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում: Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ. զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման։
Հարգելի գործընկերներ,
Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը:
Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ: Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ։
Ընթացիկ տարվա ապրիլ-օգոստոսին Հայաստանը ստանձնելու է ԵԱՀԿ որոշում ընդունող մարմիններից մեկի՝ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը: Այս համատեքստում մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք սերտորեն համագործակցել ԵԱՀԿ շվեդական նախագահության հետ՝ քաղաքական-ռազմական ոլորտում կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ:
Ինչպես նշեցի, այսօր կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին: Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու տեսլականը: Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն էր անդրադառնալու տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին և ուրվագծել դրա լիարժեք իրացման գործում համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Իհարկե, այս գործընթացում առանձնակի դերակատարություն ունի տեղում մեր դեսպանների և դեսպանությունների ակտիվ աշխատանքը և այս տեսակետից կուզենայի ողջունել ՀՀ-ում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործում շվեդական կողմի ցուցաբերված աջակցությունը:
Տիկին Լինդեի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Ընդունելով գործընկերոջս շնորհավորանքները ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնեցի, որ համաձայնագրի լիարժեք իրականացումը նոր հնարավորություններ կընձեռի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա ամրապնդման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը