Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դեռ քննարկու՞մ են
Ընտրությու՞ն...
Այս մղձավանջու՞մ...
Այս վարչակարգի օրո՞ք...
Առանց իրավիճակի կայունացմա՞ն...
Առանց հարյուր հազարավոր ընտրողների մասնակցությա՞ն...
Առանց զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների մասնակցությա՞ն...
Դուք նորմա՞լ եք...
Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս պայմաններում, առանց իրավիճակի կայունացման անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումն ակնհայտ արհեստական օրակարգ է, անհեթեթություն, իսկ գործնականում` անարդյունավետ և ապակայունացնող գործոն:
Մի կողմ թողնենք այս շինծու օրակարգի հեղինակների և ջատագովների բարոյական ու քաղաքական կերպն ու շարժառիթները:
Մի քանի պարզունակ այլ հարցադրումներ ու հանգամանքներ կան, որոնք անհնար է անտեսել:
Նախ` եթե պատկերավոր ներկայացնենք, ապա իրավիճակը հետևյալն է:
Դարավոր ու պատմական թշնամին մտել է քո քաղաք (նշում եմ քաղաք, որովհետև ցավոք` շատերի մոտ երկրի ընկալումը լիարժեք չէ): Ստացվել է այնպես, որ քո քաղաքի քաղաքապետ էր կարգվել քո դարավոր ու պատմական թշնամու վաղեմի գաղափարակից հպատակը: Հիմա թշնամին բռնազավթել է քաղաքի մի զգալի մասը, ամեն ինչ խառնել է իրար, սպանել է քո երեխաներին, մյուսներին` դարձրել հաշմանդամ, անհետ կորցրել, գերեվարել, ընտանիքիդ պատանդ վերցրել, իսկ դու այդ հոգեվիճակով և այդ պայմաններում պետք է ինչ-որ նախընտրական ծրագրեր քննարկե՞ս` ծրագրերի լավ ու վատ անե՞ս:
Դուք նորմա՞լ եք, տիկնայք և պարոնայք...
Սա նորմալ է՞...
Ասացեք խնդրեմ` այդ ինչպե՞ս են այսօր, կամ թեկուզ երկու ամիս անց նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու հազարավոր զոհվածների, տասնյակ հազարավոր վիրավորների, առավել ևս` անհետ կորածների, կամ գերեվարվածների հարազատները, բարեկամները, մտերիմներն ու ընկերները:
Այդ ինչպե՞ս, կամ ի՞նչ ակնկալիքով են նախընտրական ծրագրեր ուսումնասիրելու և քննարկելու մի քանի տասնյակ հազար անտուն և անգործ մնացածներն ու նրանց հարազատները:
Եվ վերջապես, այդ ի՞նչպես են նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու դաժանորեն խաբված, ամեն ինչից հիասթափված, հուսալքված և արտագաղթի ճամփան բռնած հարյուր հազարավոր ընտրողները:
Վերը նշված մարդիկ ինչպե՞ս են մասնակցելու, կամ մասնակցելու ե՞ն, կասե՞ք... Կասե՞ք, թե այդ ընտրությունների արդյունքներին ո՞վ է հավատալու:
Իսկ մի գուցե այս օրակարգի հեղինակներն ու ջատագովները ձգտում են, որպեսզի նրանք չմասնակցե՞ն: Կամ մի գուցե կրկին հույսեր են փայփայում, որ կգործադրվի 2018 թվականի զանգվածային հոգեխանգարմունքի պահին կատարված «ընտրության» սցենա՞րը: Այն է` ծայրահեղ էյֆորիա (որին այժմ փոխարինել է համազգային ողբն ու հիասթափությունը), անծրագիր, սուտ խոստումներով հագեցած դատարկաբանություն, զրպարտություն ու բամբասանք` համեմված հիստերիկ բղավոցներով,
և...
Ահավասիկ` իբր լեգիտիմ ընտրությու՞ն...
Հեղինակների և նրանց կից անհատների շարժառիթները պարզ են, իսկ սատարողներն ու ջատագովները` պատկերացնու՞մ են, թե ինչ են առաջարկում... Թե՞ կրկին պատգամավոր կարգվելու մարմաջն ու վերջին հույսը շատ ավելին են իրենց համար, քան հայրենիքի և պետության անվերադարձ կորուստը:
Եթե մի պահ նույնիսկ անվտանգության ու սոցիալական տարրերը մի կողմ թողնենք, ապա համոզված կարելի է պնդել, որ սա երկիրն ու պետությունը վերջնական գժանոցի վերածելու սցենար է` ուրիշ ոչինչ:
Ադրենալինի պակաս ունե՞ք, ժողովուրդ...
Առանց գործող վարչակարգի լիարժեք հեռացման, առանց առնվազն վեց ամսվա ընթացքում իրավիճակը շտկելու և կայունացնելու` ընտրության կազմակերպումը ոչ մի կերպ չի կարող լիցքաթափել և լուծել խնդիրը, դա` սին պատրանք է:
ՀԳ
Լավ, հասկացանք, պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնության մնացած 80 հոգու մեջ ազգությամբ Հայ չկա, իսկ մի 40 հոգի բանական մարդ էլ չկա՞...
80-ից` ընդամենը 40 հոգի բանական մարդիկ, ուրիշ ոչինչ` որպեսզի անհապաղ վերջ դրվի այս համազգային մղձավանջին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը