01 03 2021

Հանրապետության նախագահը սև կամ սպիտակ չէ. հայտարարություն

Հանրապետության նախագահը սև կամ սպիտակ չէ. հայտարարություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին։

«Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի:

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով:

Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում:

Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով:

Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը:

Հիշեցնում ենք, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը:

Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում», - ասված է նախագահի տարածած հայտարարությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ