Նիկոլ Փաշինյանն ընտրել է հերթական մեծ արկածախնդրության ճանապարհը՝ մարտի 1-ին հանրության մեջ հերթական անգամ թշնամանք հրահրելու, սևերի և սպիտակների բաժանելու համար հանրահավաք է հրավիրել։ Փաշինյանը հանրությանը բզկտելու գործում շատ հմուտ է, նա շատ լավ գիտի, թե ինչպես է պետք դա անել։
Հրավիրված հանրահավաքը պարզորեն բացահայտում է, թե ինչպես տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ը։ 2008-ին Փաշինյանի պլաններում մեծ ավերածություններ էին, միայն դա հնարավորություն կտար նրան գալ իշխանության։ 10 զոհը նրա համար տապալում էր, 10 զոհը նրա համար ոչինչ էր։ Երևանի փողոցներում կարող էին լինել հարյուրավոր զոհեր, եթե նրան չկանգեցնեին։ Բավարարված չլինելով 2008-ի մարտիմեկյան ողբերգության 10 զոհերով՝ Փաշինյանն առանց վարանելու իր այս նախաձեռնությամբ նոր բախումներ է հրահրում։ Մեծ հաշվով, սա նման է քննչական փորձարարության, երբ հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Հոխորտալով «քաղաքացու վրեժի» մասին, հասարակությունը բաժանելով սևերի ու սպիտակների, իրեն անվերապահ չենթարկվող յուրաքանչյուր անձի կամ կառույցի սպառնացող ու աջուձախ «ասֆալտին փռող» Փաշինյանի սիրտն այսօր երևի նոր «մարտի 1» է ուզում։
Ըստ երևույթին, հանրահավաքը Փաշինյանի վերջին ճիգերն են՝ թեկուզև նոր «մարտի 1», նոր արյունահեղություն կազմակերպելու գնով աթոռի վրա իր իշխանության հոգեվարքը փոքր ինչ երկարաձգելու։
Գուցե իր այդ մոլուցքը բավարարելու համար է վարչապետի աթոռին բազմած Փաշինյանը հրահանգել ամենախիստ կերպով իր շուրջ կենտրոնացնել վարչական ռեսուրսը և հնարավորինս շատ մարդ հավաքել Հանրապետության հրապարակում։ Մասնավորապես, մարզպետներին ու մարզպետարաններին արդեն իսկ հրամայվել է ներկայանալ կոնկրետ գլխաքանակով, Երևանում այդ խնդիրը պետք է լուծեն համայնքապետարանները, վարչական ռեսուրսների կենտրոնացման համար ակտիվ դերակատարություն է վստահված նաև Արտակարգ իրավիճակների նախարարությանն ու Պետական եկամուտների կոմիտեին։ Հանրահավաքին ներկա են լինելու նաև մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ԱԻՆ աշխատակիցներ և իշխանական օլիգարխներին ծառայող թիկնազորի անդամներ։
Թաքնվելով «ժողովրդի» թիկունքում՝ 2008 թվականի «մարտի 1»-ի հիշողությունները ամեն կերպ թարմացնելու ծարավով լցված Փաշինյանը, հույս ունի հերթական անգամ հանրահավաք կազմակերպել ու կեսից «թռնել»։ Իրավապահները պետք է պատշաճ կերպով արձագանքեն այս ամենին և թույլ չտան երկրորդ «մարտի 1»։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ Գլխավոր դատախազությանն է վերաբերում, որը րոպե առաջ գործուն քայլեր պետք է ձեռնարկի, Փաշինյանի արյունոտ ձեռքը բռնելու և երկիրը այս ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ։
Հ․ Գ․ Ի դեպ, մարտի 2-ին՝ երեքշաբթի օրը, դատավոր Աննա Դանիբեկյանը քննելու է 2008 թվականի մարտի 1-ի գործը։ Հետաքրքիր է՝ նա համապատասխան հետևություններ կանի՞ նոր «մարտի 1» կազմակերպելու Փաշինյանի վերջին մոլուցքից։
Վիգեն Երեմյան
«Իմ Ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը