25 02 2021

Կոչ եմ անում բոլորին դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Կոչ եմ անում բոլորին դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել կոչով:

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների:

 Երկիրը ռազմական դրության իրավիճակում է: Արտաքին վտանգը իրական է՝ զինադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները:

 Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը. չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից. մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ. անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:

 Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով:

 Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին:

 Բոլորիդ զգաստության, սթափության ու զսպվածության կոչ եմ անում»,- ասված է նախագահի կոչում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ