Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իսկ հիմա լուրջ.
Իսկանդեր հրթիռային համալիրը Ռուսաստանի համար ունի ոչ միայն ռազմական, այլ նաև ռազմավարական և քաղաքական նշանակություն: Տարիներ առաջ ՌԴ դեմ արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան պաշտոնական Ռուսաստանը սպառնաց Իսկանդեր հրթիռային համալիրների բազա ստեղծել Կալինինգրադում, ինչը ըստ էության նշանակում էր հրթիռային հասանելիություն համարյա ամբողջ Եվրոպայով մեկ: Գաղտնիք չէ, որ հանցագործ Նավալնիի հետ կապված արևմուտքի կողմից արհեստական լարվածության հերթական դրսևորումներն են տեղի ունենում այս ամիսներին: Նույնպես գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության խոշոր փայատերը այսպես կոչված սորոսականներն են: Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո սորոսականները փորձում են ամեն գնով ուժեղացնել իրենց ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի վրա: Գաղտնիք չէ, որ սորոսականներին քշողը՝ նույն ինքը՝ կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը ամիսներ առաջ կոչ էր արել աջակցել Թուրքիային ՌԴ դեմ պայքարում: Եթե համադրում ենք այս փաստերը, ապա ստացվում է, որ Փաշինյանը օգտագործելով Սերժ Սարգսյանի կողմից Իսկանդերի թեմայով հարցադրումները, իբր պատասխանելով Սերժ Սարգսյանին իրականում հրապարակայնորեն կասկածի տակ դրեց Ռուսաստանի քաղաքական զենքի արդյունավետությունը արևմուտքի պատժամիջոցների դեմ պայքարում, ընդ որում դա արեց սորոսական լրատվամիջոցով:
Այս բացահայտ դեմարշը իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն կայացրել է որոշում երկրի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ դեպի արևմուտք փոփոխության մասով:
Երկար ծիծաղող պաշտոնյաների հեռացումը պետական համակարգից նշանակում է, որ Փաշինյանը իր մտադրություններում լուրջ է տրամադրված և չի հանդուրժելու որևէ այլակարծություն այդ թեմայով:
Թե ինչ է խոստացել արևմուտքը Փաշինյանին այս ռևերանսի դիմաց մնում է ենթադրել: Այս պահին Փաշինյանին միայն մեկ բան է հետաքրքրում, որի դիմաց նա պատրաստ է ամեն ինչի, դա սեփական անձի անվտանգության երաշխիքներն են ու իշխանությունում մի քիչ էլ մնալու խոստումները:
Փաշինյանը չունի ներքին աջակցություն, Փաշինյանը չունի իրավապահ համակարգում որոշիչ աջակցություն: Փաշինյանի իշխանության կյանքը երկարացվում է ինչ-որ առումով նաև ներսի լսարանում Կրեմլին հղումներ անելով:
Իրական, կազմակերպված մի քանի հուժկու ցույց վերջնական կթաղի Փաշինյանի և սորոսականների մահացած իշխանությունը:
Հանգուցալուծումը շատ մոտ է: Փաշինյանը անցել է աշխարհաքաղաքական կարմիր գիծը: Վերջին անգամ նա այսպիսի քայլի գնացել էր ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու պատմության ժամանակ, ինչը ինչպես հետո պարզվեց արվում էր Արսեն Խառատյանի քավորությամբ արևմուտքին հավատարմություն ցուցադրելու նպատակով: Այդ դեմարշի հետևանքները երկար իրենց ազդեցությունը թողեցին հայ-ռուսական հարաբերություններում: Այդ պատմության սպին մնաց...
Տեսնենք այս անգամ մեր պետության վրա ինչ հետևանքներ կունենան այս իշխանությունների քաղաքական էգոիզմը, թայֆաբազությունն ու կարճատեսությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը