05 02 2021

Ինչ ճանապարհով էլ մենք ուզենք գնալ, Փաշինյանը մեզ դրանով չի կարող տանել, նա պարտված ղեկավար է․ Վազգեն Մանուկյան

Ինչ ճանապարհով էլ մենք ուզենք գնալ, Փաշինյանը մեզ դրանով չի կարող տանել, նա պարտված ղեկավար է․ Վազգեն Մանուկյան

Մեր սերունդը ստեղծեց պետություն, կառուցեց հզոր բանակ, մենք ունեցանք հաղթանակ, մենք կարողացանք փրկել եւ ազատագրել ցեղասպանությունից հետո մնացած հայության մի կղզյակ, որը բնակեցված էր հայերով։ Բայց մենք ունեցանք նաեւ կորուստներ։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանն ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այն պետությունը, որ կառուցվեց, չէր համապատասխանում մեր երազանքներին, իշխանությունն օտարվեց հասարակությունից, չկար այն արդարությունը, որը մենք ուզում էինք, իշխանությունը վերարտադրվում էր կեղծված ընտրություններով, քաղաքացին իրեն երկրի տեր չէր զգում։ Եվ դրանից օգտվելով՝ որոշակի ուժեր այդ ուղերձը հղեցին մեր երիտասարդությանը, ժողովրդին, ասելով՝ մենք այդ երկիրը կկառուցենք, երկիր, որտեղ մարդիկ կլինեն ազատ, կլինի արդարություն։ Հիմա՝ 2,5 տարի անց, կարող ենք արձանագրել, թե ինչ շահեցինք եւ ինչ կորցրեցինք։ Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ։ Եվ հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք ոտքի կանգնել եւ կառուցել այն պետությունը, որը երազում էինք։ Ես համոզված եմ, որ՝ այո։ Դրա համար պետք են կամք, հավատք եւ աշխատանք։ Եվ մեր երիտասարդության մեջ այդ որակները կան», ասել է Վազգեն Մանուկյանը։

Ըստ Վ.Մանուկյանի՝ այդ ճանապարհին առաջին քայլը այս իշխանությունների հեռացումն է։

«Առաջին՝ ցանկացած իշխանություն, որն իր երկիրը բերում է կապիտուլյացիայի՝ պետք է հեռանա։ Մի կողմ թողնենք նրանց գործած մեղքերը, այդ մասին շատ ենք խոսել։ Եվ դա դաս պետք է լինի ապագա իշխանություններին։ Մի երկիր, որտեղ չի դատապարտվում վատը եւ չի խրախուսվում լավը՝ ապագա չունի։ Երկրորդ պատճառը՝ այս 2,5 տարվա մեջ մենք ոչ մի ոլորտում առաջընթաց չենք ունեցել, այսինքն մենք ունենք վատ ղեկավար, վատ մենեջեր։ Ցանկացած բիզնես կառույց կամ հիմնարկություն, եթե ղեկավարը տապալում է գործը, նրանից ազատվում է։ Եվ երրորդը՝ ինչ ճանապարհով էլ մենք ուզենք գնալ, նա մեզ դրանով չի կարող տանել, նա պարտված ղեկավար է», նշել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ