11 11 2022

Տիգրան Ավինյանն աջափնյակցիների հետ հանդիպմանն անակնկալի է եկել․ «Ժողովուրդ»

Տիգրան Ավինյանն աջափնյակցիների հետ հանդիպմանն անակնկալի է եկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռեւս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաեւ Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոնդեցի տիկին Նաիրան է եղել այդ բնակչուհին, որ Ավինյանին հիշեցրել է, թե ինչպես էր վերջինս դեռեւս փոխվարչապետ եղած ժամանակ խոստանում զբաղվել Կոնդի վերաչափագրման ու վերակառուցման հարցերով, այնինչ արդեն 4 տարի սայլը տեղից չի շարժվում, եւ Կոնդի խնդիրները միայն ավելանում են:

Միջադեպի մասով մենք Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեկնաբանություն խնդրեցինք: Պատասխանի փոխարեն՝ վերոնշյալ այցի մասին պատմող գեղեցիկ ու բարի ռեպորտաժ ուղարկեցին մեզ, որտեղ, բնականաբար, տիկնոջ ու Ավինյանի խոսակցությունը ոչ ամբողջական էր, մոնտաժված տարբերակով էր ներկայացված:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տիկին Նաիրան նշեց, որ բավականին դժգոհ է այդ հանդիպումից, ապա շարունակեց. «Ավինյանը փոխվարչապետ եղած ժամանակ էլ ասաց, որ Կոնդով զբաղվում է, կառուցապատման ծրագիր կա, այսինքն՝ կառուցապատում պետք է լիներ, բայց երբ ժամանակը եկավ, որ պետք է ասեին՝ ով է հաղթողը, ու երկրորդ փուլին անցնեին, այդպես էլ տեղի չունեցավ:

Նրա հանդիպումից հետո հասկացա, որ քաղաքապետարանը Կոնդի հետ կապված հարցերում որոշ մարդկանց հետ համագործակցում է, դրա համար էլ ամեն անգամ այսպես հետաձգվում է: Ես իր հետ խոսում էի, նայում էի աչքերի մեջ, նա լուռ լսում էր, բայց որեւէ կերպ չէր արձագանքում: Ինքն իր համար յոթերորդ երկնքում էր, ես էլ իր համար «աղքատի ռադիո» ասես լինեի»,- դժգոհեց Կոնդի խաբված բնակչուհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ