30 01 2021

Զրահապատ ընտրություննե՞ր․ Փաշինյանը պատկերացնո՞ւմ է՝ ինչպես է քարոզարշավ անցկացնելու․ Լիա Իվանյան․ Panorama.am

Զրահապատ ընտրություննե՞ր․ Փաշինյանը պատկերացնո՞ւմ է՝ ինչպես է քարոզարշավ անցկացնելու․ Լիա Իվանյան․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Էն որ վարչապետը «սարսափեցնում» է  արտահերթ խոհրդարանական ընտրություններով, ինքը գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչպես է ասենք  քարոզարշավ անցկացնելու։

Դատելով Շուշիի վերաբերյալ լրագրողի պարզագույն հարցին տեղում չպատասխանելու, այլ օրեր անց լայվով  ջուր ծեծելու փաստից, մեծն մանիպուլյատորը երևակայական  քարոզարշավը երևի պատկերացնում է զրահապատ մեքենաների շարասյունով հանդիպումները ապակե-զրահապատ  հարթակում անցկացնելիս։ Ինքն էլ  ոտքից-գլուխ զրահապատված՝ մենախոսում է, հետո էլ բունկերից լայվերով տպավորություններն է  հայտնում․․․

Ծիծաղելի  է լուրջ վերաբերվել պետական դավաճանի  կողմից ընտրություններ կազմակերպելու, անցկացնելու, անգամ մասնակցելու խայծին։  Այսօրվա իրողությամբ դժվար է նրան  պատկերացնել անգամ երկու անծանոթ մարդու հետ շփվելիս։ Նոյեմբերի 10-ից նրա բնակավայրն ու աշխատավայրը, ինչպես նաև տեղաշարժը  պահպանում են անհաշիվ ոստիկաններ։  Անգամ Եռաբլուր է գաղտագողի այցելում, որ մարդկանց չհանդիպի, որ չպատասխանի  զոհվածի ծնողի՝ «որդուս ինչու սպանեցիր» հարցին։ Սպառված է նրա մարդամեջ դուրս գալու և անամոթաբար ստելու լիմիտը, և ինքը դա բոլորից լավ գիտի։

Նույն հարթության վրա է նաև իմքայլականների, սպառնալիքի նմանվող, խորհրդարանի ինքնալուծարման նախաձեռնությունը։ Էհ, ինքնալուծարվեք հենց վաղը․․․ դրանից  պետությունը միայն կշահի։ Հավանական ինքնալուծարման  հենց հաջորդ օրը կձևավորվի անցումային կառավարություն։ Թե՞ մտածում են, որ դիմացիններն այնքան «ինտելիգենտիկ» են, որ խստագույնս կպահպանեն օրենքի տառը մի ոհմակի նկատմամբ, ով շարունակաբար  ոտնակոխ է արել բոլոր գրված ու չգրված օրենքները։ 

Նրանք սպառել են  օրինական ճանապարհով իրենց մարդատեղ դնելու հնարավորությունը, որն առաջարկել էր Հայրենիքի փրկության շարժումը, և հիմա օրենքից դուրս դավաճաններ են իրենց շեֆի նման։ Իսկ երևակայական քարոզարշավի  դեպքում նրանք արդեն ոչ թե կձվահարվեն, այլ բառացիորեն կքարկոծվեն․․․ նրանց էլ հո տասը շարք ոստիկաններ չեն պատսպարելու։

Եվ շատ կարևոր մի բան՝ նախքան հերթական ընտրական խաղերի մեջ երկիրը ներքաշելը, իշխող վարչախումբը,  առնվազն խոսելու իավունք ունենալու համար պարտավոր է՝

* ներկայացնել փոփոխված Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը, որն իշխանության գալիս խոստացել էին որպես առաջնահերթության, բայց առանց դրա մեկ անգամ արդեն ափալ-թափալ  արտահերթ ընտրություններ անցկացրեցին 2018թ-ի դեկտեմբերի 9-ին;
* բյուջե վերադարձնել  չկայացած հանրաքվեի միլիարդները;
* կասեցնել Սորոսի Բաց հասարակության հիմնադրամի գործունեությունը ՀՀ-ում;
* խստագույն պատասխանատվության ենթակել ՀՀ-ում վխտացող գործակալներին ու  դավաճաններին։

Լիովին հասկանում եմ գրածիս զավեշտալիությունը՝ իրենք հո իրենց չեն պատժելու․․․  Բայց իրական զավեշտն այն է,  որ մենք մոտ երեք տարի ապրում ենք հենց այն աբսուրդում, երբ առաջին դեմքերն են դավաճաններն ու գործակալները։ Եվ դեռ վերաարտադրվելու հույսեր ունեն։
Նրանց հույսը կարող են լինել միայն աղանդավորները, գործակալները, գրանտակերներն ու  հասարակության թերմացքը, ում համար նույն հարթության վրա են կուռքի հրահանգը, օրվա թուլափայն ու Հայրենիք հասկացությունը։ Մեզանում այդ  250-300 հազար արարածները միշտ եղել են ու կլինեն։ Այդուհանդերձ, նույնիսկ նրանց ակտիվությունը կչեզոքանա  իրական ուժի դիմաց։

Իսկ իրական ուժը իր վերջնական ձևավորման փուլում է։ Պատերազմն իր ընթացքով և հետագա իրադարձություններով  շատ բացահայտումներ արեց հասարակության մեծամասնության համար՝  ստիպելով   վերանայել իրենց կարծրացած համակրանքներն ու հակակրանքները։ Մարդիկ հոգնել են ստերից, ուզում են իմանալ՝ ինչ է սպասում իրենց  երեխաներին վաղը։ Ուզում են իմանալ՝ ապագա ունի արդյոք Հայաստանը։ Ուզում են հասկանալ՝ կարող ենք արդյոք խուսափել թուրքի հետ համատեղ ապրելու (վաղն էլ մորթվելու)  վտանգից։

Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռարձակված  հարցազրույցում հնչած պատասխանները  շատերի համար հույսի շող էին այն առումով, որ ոտքի կանգնել հնարավոր է։ Առանց նվազեցնելու  մեր երկրի ներքին հսկայական կորուստներն ու միջազգային հեղինակազրկումը, զուսպ ու հիմնավորապես վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Նախագահը հավաստիացրեց, որ դեռ ամեն ինչ կորած չէ։

Հարցազրույցի թողած ազդեցությունը նման է հետևյալ պատկերին․ դիլետանտ բժիշկների կողմից մահվան դուռը հասցրած հիվանդին ազգականները ստիպված տանում են ամենակարող մի բժշկի մոտ, ում տարիներ շարունակ փնովել են նախանձից ու չարակամությունից դրդված։ Բժիշկը, անտեսելով եղածը, զննում է հիվանդին և ասում է՝ կապրի, բայց    լուրջ բուժում է պետք․․․ ընտրեք՝ վստահո՞ւմ եք ինձ բուժումը, թե դարձյալ մնում եք հեքիմների սին խոստումների գերին։ 

Դատելով արձագանքներից՝ ավելացել են  Ռոբերտ Քոչարյանին վստահողները, շատացել են  նրա նախագահության 10 տարիների վերելքը հիշողները։ Իսկ հարցազրույցի վերջին շեշտադրումն այն առումով, որ  եթե համենայն դեպս  լինեն անցանկալի արտահերթ ընտրություններ, ապա ինքը «կմասնակցի և կհաղթի», արդեն համացանցային հեշթեգ է դարձել, և ըստ ամենայնի, ստիպելու է  իշխանիկներին ավելի լրջորեն  նախապատրաստել հանրությանը նետվող խայծերը։ Չնայած, նույնիսկ  դրանում  են արդեն սպառվել։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ