26 01 2021

ԱԳՆ զավեշտալի տեղեկանքը

ԱԳՆ զավեշտալի տեղեկանքը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքու կատարած այցից հետո գալիս է նաև Հայաստան։ Այս առիթով մեր արտգործնախարարությունը ՀՀ-ի ու ԻԻՀ-ի հարաբերությունների վերաբերյալ համառոտ տեղեկանք է հրապարակել իր պաշտոնական էջում։

Տեղեկանքը այնքան «համառոտ», ավելի ճիշտ` աղճատված է, որ ներառում է մեր սահմանակից և բարեկամ երկրի հետ հարաբերությունների միայն մի կարճատև, ընդամենը երամյա՝ 2019 և 2020 թվականները։

Ուստի և` բնականոն հարցեր են առաջանում. Մի՞թե Հայաստանը Իրանի հետ իր արտաքին հարաբերություննեը սկսել է միայն մեկ տարի առաջ` 2019 թվականից, միթե՞ մինչ այդ մենք պետություն չենք ունեցել, թե՞ մեր պետությունը աշխարհից կտրված է եղել ու անգամ սահմանակից երկրների հետ ոչ մի կապ չի ունեցել։ Զավեշտ է, բայց փաստ, որ օրվա իշխանությունն է ինքն իր մեջ այնքան ամփոփված ու իրականությունից կղզիացած, որ ամեն ինչ սկսում է ինչ-որ հնարածին, գոյություն չունեցող «իրենց» ու «զրոյական» կետից։ Իսկ հետո պարզվում է, որ դա ամեն ինչ փչացնելու, ապականելու, ոչնչացնելու, նահանջի ու պարտության մեկնակետն է։

Հիմա մենք ականատեսն ենք աննախադեպ ու բացառիկ հիմարության կամ դիտավորյալ, նպատակաուղղված վնասարարության, երբ պետական մակարդակով երկրի արտաքին հարաբերություների պատմությունն ու ընթացքը ներկայացվում է միայն այն հատվածով` երբ կառավարել է դեռևս գործող իշխանությունը։ Եվ անգամ այստեղ է ներկայացումը հատվածային, աղճատված ու աբսուրդային, քանի որ ըստ այդմ, ստացվում է, որ նիկոլական ռեժիմը գոյություն ունի, գործում է ո՛չ թե 2018-ի մայիսից, այլ միայն 2019-ի փետրվարի վերջին օրերից։ Մի՞թե սակավամտության արգասիք չէ պաշտոնական տեղականքի բովանդակությունը, ըստ որի` Հայաստան-Իրան դարեր առկա հարաբերությունները սկսվում են Նիկոլի ստորագրությամբ 3 փաստաթղթից ու ավարտվում են փոխըմբռնման հուշագրով։

Բայց չէ՞ որ` նախկինում էլ պետական ու պաշտոնական բարձրագույն մակարդակի փոխայցելություններ են կատարել, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի 15 համատեղ նիստեր են գումարվել, երկրների միջև տնտեսական ու առևտրային սերտ գործընկերություն է եղել։

Այնպես որ, պատմությունը կեղծելը,  զրոյացնելը դժվար է և դեռ գործող ու ինքնափիառվող իշխանությանը դա բնավ չի հաջողվում։  Ընդ որում, փաստենք, որ այս կարևոր շրջանում Հայաստանի և Իրանի հետ վերջին երկամյա հարաբերությունները ներկայացվում են շատ կարճ տեքստով․ այսինքն, այդ հարաբերություններն առանձնապես բարվոք էլ չեն եղել։ Իսկ ներկայացված ծրագրերն էլ , ինչպես երևւմ է ԱԳՆ հրապարակած տեքստում, մեկնարկել են այսպես ասած՝ «նախկինների» օրոք։

 

Գևորգ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ