26 01 2021

ԼՂ-ում կարելի էր հազարավոր կյանքեր փրկել․ տարիներ առաջ եղել է նման հնարավորություն․ Լավրով

ԼՂ-ում կարելի էր հազարավոր կյանքեր փրկել․ տարիներ առաջ եղել է նման հնարավորություն․ Լավրով

Ռուսաստանը երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ առավելագույն ուշադրություն է դարձրել ԼՂ հակամարտությանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակից, որում ընդգրկված են նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն, եթե օբյեկտիվորեն նայենք, մենք առավելագույն հետևողականությամբ առաջ ենք քաշել տարատեսակ գաղափարներ: Մենք մի քանի տարի առաջ հնարավորություն ենք ունեցել պայմանավորվածությունների հասնելու ռուսական առաջարկների հիման վրա, որոնք հավանության են արժանացել մյուս համանախագահների կողմից, ինչը կօգներ փրկել հարյուրավոր և հազարավոր կյանքեր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից: Ցավոք սրտի դա այն ժամանակ տեղի չունեցավ»,- նշել է Լավրովը:

Նա հավելել է, որ ներկա պահին ստեղծված իրավիճակը, որին հաջողվել է հասնել ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ բազմաթիվ բանակցությունների արդյունքում, ձեռք է բերվել հազարավոր կյանքերի գնով:

«Մենք չենք պատրաստվում դադարեցնել մեր ուշադրությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հանդեպ: Այդ մասին վկայում է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի բացման մեխանիզմներ մշակելու մասին»,- հավելել է Լավրովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ