20 01 2021

Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ռազմագերիների հարցը Պուտինի մի կոշտ զանգի հարց է

Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ռազմագերիների հարցը Պուտինի մի կոշտ զանգի հարց է

Ադրբեջանը, տեսնելով գերիների հարցն ի՞նչ դժգոհություններ է առաջացնում Հայաստանում, փորձում է օգտագործել այդ հանգամանքը և Հայաստանի ներքին քաղաքական վիճակի վրա ազդել: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Նա, տեսնելով, որ ընդդիմադիր գործիչների հայտարարության մեջ ռազմագերիների չվերադարձնելու պատասխանատվությունը դրվում է միայն Հայաստանի իշխանությունների վրա, այս հանգամանքն օգտագործում է»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարվել ճանապարհների ապաշրջափակման փաստաթուղթը ստորագրելուց և Ադրբեջանին  պարտադրել հայտարարության գերիների վերաբերյալ՝ 8-րդ կետն իրագործել, Իգիթյանը նշեց, որ դա ոչ միայն Հայաստանի պարտավորությունն է, այլ նաև Ռուսաստանի, Ռուսաստանն ավելի մեծ հնարավորություն ունի լուծելու գերիների վերադարձի հարցը:

«Գերիների հարցը ամենացավոտ հարցն է, և մինչև այդ հարցը չլուծվի, Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից որևէ վստահություն չի կարող լինել: Դժվար է իրականացել համատեղ ծրագիր՝ ունենալով ցավոտ հարց, ինչպիսին է, օրինակ, անհետ կորածների և գերիների հարցը, որովհետև ցանկացած տնտեսական համագործակցություն ենթադրում է առաջին հերթին վստահություն, իսկ վստահություն ինչպե՞ս կարող է լինել, որ Ադրբեջանը այդպիսի հարցը չի լուծում: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին, այդ հարցում ունենք միջազգային աջակցություն: Իմ կարծիքով՝ դա Պուտինի կողմից Ալիևին մի կոշտ, կատեգորիկ զանգի հարց է: Ռազմագերիների հարցը հայտարարության մեջ կա, և Ռուսաստանն էլ երաշխավորող պետության պատասխանատվություն է վերցրել և պետք է լուծի»:

Դիտարկմանը, թե դիվանագիտական ճակատում չի խոսվում Արցախի կարգավիճակի հարցի մասին, չե՞ք կարծում, որ հետագայում կարող է ուշ լինել, Իգիթյանը պատասխանեց, որ այժմ Արցախի բնակչության անվտանգությունը երաշխավորված է միայն ռուս խաղաղապահ ուժերով, և կարգավիճակը նայվում է նաև որպես բարեկեցիկ կյանքի երաշխիք.

«Ռուսները, չգիտեմ ինչու, ամաչելով են խոսում կարգավիճակի մասին՝ ասելով, որ Ադրբեջանին չի կարելի ջղայնացնել, մենք չենք ասում այդ հարցը, որ ինչ-որ մեկին ջղայնացնի կամ հանգստացնի, այդ հարցն այժմ  ավելի արդիական է դարձել ՀՀ-ում, որովհետև խաղաղապահ ուժերը սիտուատիվ ձևով կարող են լուծել, իսկ երկարատև անվտանգություն կարող է տալ միայն  կարգավիճակը: Մինսկի խումբն այս մասին բազմիցս խոսել է և մոսկովյան այցի ժամանակ այդ հարցը շոշափվել  է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ