14 01 2021

Խաբելն էլ սահման ունի, խաբված լինելն անվերջ շարունակվել չի կարող․ Panorama.am

Խաբելն էլ սահման ունի, խաբված լինելն անվերջ շարունակվել չի կարող․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «7-րդ գումարման, ավելի ճիշտ  «իմքայլական»  խորհրդարանի առաջին ապազգային նախաձեռնություններից մեկը Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի ստեղծումն էր։ Նման հանձնաժողովի ստեղծման գաղափարն ինքնին անարգանք էր հաղթանակած կողմի համար։  Կազմի և աշխատանքի անարդյունավետության մասին էլ չենք խոսում։ Իսկ  հիմա՝ հետին հայացքով, դա կարելի է համարել որպես բանակի վարկաբեկմանն ուղղված առաջին քայլերից մեկը։

Եթե 800 հեկտարի կորստի և ջրախառն վառելիքի շուրջ ընդդիմադիր Նիկոլի և նրա համախոհների կողմից  բարձրացրած հիստերիկան արդարացնելու համար ստեղծվեց նշված հանձնաժողովը, ապա 2020-ի 44-օրյա պարտված պատերազմն իրականում այնքան մութ ու անհասկանալի մնաց, որ դրա  ամեն օրվա համար առանձին հանձնաժողով պետք է ստեղծվի։ Ավելին՝ հետպատերազմյան շրջանում անգամ կիսատ արված բացահայտումները հուշում են, որ կատարվածը ռազմական տրիբունալի քննելիք գործ է։

Հենց  միայն Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի նոյեմբերի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում հնչեցրած մեղադրանքները, որոնց ապացույցները նա պատրաստ է ներկայացնել, հանցագործություններ են անգամ ոչ մասնագետի համար։ Ավելի ուշ, ոչ պակաս կարևոր բացահայտումներ ներկայացրեց նաև գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, պնդելով,  որ ճիշտ կառավարման  դեպքում կարելի էր պահել Շուշին։

Օրերս 5-րդ ալիքով հեռարձակվեց հարցազրույց պատերազմի ժամանակաշրջանում ԱԱԾ տնօրենի  ԺՊ  Միքայել Համբարձումյանի հետ։ Կարևոր բացահայտումների շարքից առանձնացնենք այն, որ  «2020թ.հոկտեմբերի 19-ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի առաջարկը չի ներկայացվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քննարկմանը»: Այսինքն, առնվազն հոկտեմբերի 19-ից հետո զոհվածների մահվան միակ մեղավորը Փաշինյանն է, ով նույնիսկ Անվտանգության խորհրդից  թաքցնելով  ստացված առաջարկությունը՝ միանձնյա որոշել է շարունակել պատերազմը։

Ավելացնենք նաև այն իրողությունը, որ պատերազմի հենց առաջին օրերից մեկուսացվեցին փորձառու հրամանտարները, իսկ իրականության հետ կապ չունեցող տեղեկությունները մատուցվում էին «Հաղթելո՛ւ ենք» մարտական տրամադրությամբ։ Խաբեցին հասարակությանը 44 օր։  Այս ամենը ցույց են տալիս, որ պատերազմի ընթացքում պատանդ դարձանք   ռազմական գործից հեռու մի ընտանիքի արկածախնդրության, և թվում էր,  թե նշված և բազմաթիվ այլ  բացահայտումների արդյունքում նրանք անմիջապես պատասխանատվության պետք է ենթարկվեին։ Պետք է չէ վերջապես պարզել, թե  «գերագույնի» գործունեությունը   պատերազմից առաջ, ընթացքում և հետո՝  սոսկ մեծամիտ գավառացու  անգրագիտություն էր, թե մանրակրկիտ ծրագրավորված դավաճանություն։

Սակայն ո՞վ պետք է գործ հարուցի․․․ Նիկոլի հանձնարարությամբ սրա-նրա վրա գործ կարող գլխավոր դատախա՞զը, ՀՔԾ ղեկավա՞րը, ԱԱԾ-ի չգիտեմ որերոդ տնօրե՞նը։ Նրանք այնպիսի հանցավոր թելերով են իրար կապկպվել այս երկուսուկես տարվա ընթացքում, որ իրար սերտաճած օձակույտ են դարձել․ մեկի կործանումը մնացած բոլորի վերջը կլինի։ Այնպես որ շարունակելու ենք մնալ այս փակ շրջանում, քանի դեռ ուժային և իրավապահ  կառույցները չեն հիշել, որ հավատարմության երդում են տվել Հայաստանի Հանրապետության, այլ  ոչ թե մի պոտենցիալ ցմահականի։ 

Այդ իրավական հանրույթն է տերմինները զգուշորեն օգտագործում,  իսկ հասարակության գիտակից հատվածը  կարող է առանց անուններ նշելու  ասել «գերագույն դավաճան» կամ «դավաճանների խմբակցություն»,  և   բոլորը կհասկանան, թե խոսքերն ում  են վերաբերվում։
Հայտնի է, որ 2016-ի Ապրիլյանից հետո ՊՆ-ում ստեղծվել էր  հանձնաժողով, որը  վերլուծել էր պատերազմի ընթացքը և կայացրել համապատասխան որոշումներ։ Ստեղծվե՞լ է արդյոք նման հանձնաժողով ներկայիս  ՊՆ-ում։ Կարծես թե ոչ մի տեղեկություն այդ մասին չկա։ Գիտենք  միայն, որ  պատերազմից հետո աշխատանքից հեռացան  նախարարն ու երեք փոխնախարարները։ Հետո էլ ասում են, թե գետնանցումում ձիերին չեն փոխում։

Բայց ոչ մեզ  մոտ․․․ գերագույն գլխավոր ձիագետը կադրային փոփոխություններ է անում այն կկվի նման, ով ինքը հոտած է, բայց կարծում է թե  բունն է հոտած։ Եվ որպես հետևանք՝ վատին փոխարինում է ավելի վատով։ Որովհետև, եթե պրոֆեսիոնալիզմի նշույլ մնացած լիներ համապատասխան կառույցներում, այսօր գոնե կիմանայինք զոհերի ստույգ  քանակը։ Հրադադարից անցել է երկու ամսից ավել, բայց դեռ նույն ինֆորմացիոն անգիտության մեջ ենք։   Հայտնի չեն անգամ  զոհերի,  ռազմագերիների և անհետ կորածների թիվը։

Վերջին արարն էլ հունվարի 11-ին  Մոսկվայում եռակողմ հանդիպման  ավարտին  Փաշինյանի հայտարարությունն էր, որ գերիների հարցը չլուծվեց։  Որևէ գիտակից մարդ չէր էլ սպասում, որ հաջողություն կարող է գրանցել  իրեն կապիտուլյացիա պարտադրողների հետ կրկին անգամ  բանակցությունների գնացողը։ Այդ պատճառով են նոյեմբերի 10-ից ողջ հայությունը   պահանջում է վարչապետի հրաժարականը։ Բայց ոչ։  Վարչապետական շոուն շարունակվում է, մանիպուլյացիաներն ու  խայծերը շարունակվում են, տնտեսական նոր վերելքի խոստումները շարունակվում են․․․

Իսկ իրականության մեջ  այս պատերազմը փոխեց մեզ բոլորիս։ Եթե ասում էին, որ կորոնավիրուսի համավարակից հետա աշխարհը կփոխվի, ապա մենք արդեն փոխվել ենք՝ կրելով սեփական ղեկավարի կողմից խաբված ու դավաճանված լինելու խարանը․․․Երեք ամսից ավել իրենց զավակի ողջ կամ զոհված լինելու փաստը չգիտեն շատ ծնողներ; մի ստորագրությամբ սահմանային դարձած համայնքների բնակիչներն իրենց  անելիքը չգիտեն; անհետ կորածների հարազատները չգիտեն՝ էլ ի՞նչ անեն  գոնե մի նորություն իմանալու համար;  շարքային քաղաքացին չգիտե՝ վաղը մնալո՞ւ  է այս Հյասատնում, թե արտագաղթելու է։ Իսկ պետությունը նրանց մենակ թողած, մտածում է միայն իշխանությունը չկորցնելու մասին։ Խաբելն էլ սահման ունի, խաբված լինելն անվերջ շարունակվել չի կարող։  Մի քանի օր առաջ անհետ կորած մի զինծառայողի հայր   մեքենայով ՊՆ դարպասներն է ջարդել․․․ Վաղը մյուս օրը իրենց խաբողների գլուխն են ջարդելու այն մարդիկ, ովքեր կորցրել են ամեն ինչ՝ զավակ, տուն ու տեղ,  անվտանգ  ապագայի հույսը։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ