«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։
Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից ու դրան հաջորդած համատեղ ասուլիսից պարզ դարձավ, որ քննարկման առանցքում ռեգիոնալ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերն էին՝ կոմունիկացիաների բացում, ենթակառուցվածքներ և միջազգային փոխադրումներ և միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ ռեգիոնալ անվտանգության ու դրա ապահովման մեխանիզմների մասին։
Ու այս ամենն այն պարագայում, երբ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը որպես նախապայման էր ներկայացնում, որի ամբողջական լուծումից հետո միայն պետք է անցնեին կոմունիկացիաների բացման առարկայական քննարկումներին»,-գրել է Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը