Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները հունվարի 10-ին քննարկել են երկու երկրի պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանն ու գերիների փոխանակմանն առնչվող հարցերը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հանդիպել են հունվարի 10-ին Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում, որոնք ընդգրկվում են Հայաստանի Սյունիքի մարզի կազմում:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանը, Լեռնային Ղարաբաղում անվտանգությանը, ռազմական գործողությունների գոտում մարմինների հայտնաբերմանը և գերիների փոխանակմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ կողմերը քննարկել են անհետ կորածների և պատանդների ճակատագրերի պարզաբանման հետ կապված հարցերը:
Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հաստատել է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպում են ունեցել նաև հունվարի 8-ին հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, որն ընկնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում:
Տվյալ հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարի պահպանումը ծառայում է երկու ժողովուրդների շահերին և անվտանգությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը