09 01 2021

Կարանտինի ռեժիմը չԷ տնտեսական դժվարությունների պատճառը. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է․ Թորոսյան

Կարանտինի ռեժիմը չԷ տնտեսական դժվարությունների պատճառը. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է․ Թորոսյան

ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից ԳՈՐԾՈՂ «կարանտինային ռեժիմի» մասին

Հարգելի հայրենակիցներ, հարգելի տնտեսվարողներ,

Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհով է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում:

Անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, այն համատեքստում, որ այդ իրավական ռեժիմն է պատճառը բազմաթիվ տնտեսական դժվարությունների, ուզում եմ հարց տալ բազմաթիվ նման պնդում անողներին.

- Կարանտինի իրավական ռեժիմն է արդյո՞ք տնտեսական դժվարությունների պատճառը, թե կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները:

Պատասխանը, շատ փոքր բացառություններով հետևյալն է.

- Տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն: Եվ ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ և ոչ թե` հակառակը:

Հետևաբար, կոչ եմ անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: Պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: ԿԱՐԱՆՏԻՆԻ իրավական ռեժիմը ՉԷ տնտեսական դժվարությունների ՊԱՏՃԱՌԸ. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է:

Իսկ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին ձեզ կտեղեկացնենք մոտ օրերս:

Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա ԿՐԿԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ «կարանտինի իրավական ռեժիմով», ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»: Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է կովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին, պետք է տարբերակել պատճառը հետևանքից:

Ամփոփելով, ուզում եմ բոլորիդ առողջություն մաղթել և կրկին կոչ անել` պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ