«Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով.
«Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով՝ աշխատեցնել: Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա, և այլն: Ելքը մեկն է՝ սկսել անզիջում և հետևողական իրավական պայքար բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավաճանել են, խաբել են մեր երեխեքին ու տարել են անխուսափելի մահվան: Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե՛ զինվորականներին, թե՛ քննիչներին, թե՛ իշխանությանը, որը կոծկում է այս ամենը: Հասկանալի պատճառներով՝ մեզանում իրավաբաններ և լրագրողներ չկան, ուստի խնդրում եմ բոլոր հայ լրագրողներին և իրավաբաններին, օգնել մեզ այս սուրբ պայքարում ընդդեմ դավաճան չինովնիկների անտարբերության, ում համար մարդը, հայ մարդը, մեր զավակները, նրանց կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը ոչինչ են, այսինքն՝ սահմանադրությունը թղթի կտոր է: Հարգելի լրագրողներ ու իրավաբաններ, խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ՝ հետևյալ ռազմավարությունը իրականացնելու նպատակով»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը