05 01 2021

Երեք հարցեր, որոնք ունեն միանշանակ պատասխան․ Հայկ Դեմոյանը՝ Փաշինյանի հոդվածի մասին

Երեք հարցեր, որոնք ունեն միանշանակ պատասխան․ Հայկ Դեմոյանը՝ Փաշինյանի հոդվածի մասին

Պատմաբան Հայկ Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հոդվածին ու գրել․

«Վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածն ընթերցելիս, ընդամենը երեք հարց կարող եմ բարձրացնել ու դրանց միանշանակ պատասխան տալ․

ՀԱՐՑ Ա Արդյո՞ք կանխազգալով մոտալուտ պատերազմի անխուսափելիությունը, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով և կարճ ժամանակում կարողացան ըստ արժանվույն հանրությանը նախապատրաստել այդ պատերազմին, որը ենթադրում է համապատասխան աշխատանքների իրականացում քաղպաշտպանության ոլորտում, զորահավաքի իրականացում, ներքին կարգուկանոնի ու հասարակական անդորրի հաստատում, մատակարարման պահուստային տարբերակների փնտրտուք, օդային լրացուցիչ միջանցների բացում և այլն․․․

ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՈՉ

ՀԱՐՑ Բ Արդյո՞ք պատերազմական իրավիճակում ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ վարչապետը, ճիշտ են կողմնորոշվել որոշումների կայացման, թշնամուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն օնլայն ռեժիմով չհաղորդելու, պատերազմական իրավիճակի թելադրանքից ելնելով տեղեկատվական ճիշտ քաղաքականություն վարելու, համապատասխան զորահավաք իրականացնելու և, ընդհանրապես, երկիրը պատերազմական ռելսերի վրա տեղոփոխելու գործողություններում։

ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՈՉ

ՀԱՐՑ Գ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ցուցաբերել է համապատասխան գիտակցում ու կարողություններ հետպատերազմական ճգնաժամային իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու, հստակ որոշումներ կայացնելու և դրանց արդյունքում երկրի անվտանգությանը սպառնացող առկա ու սպասվելիք վտանգներն ու դրանց հետևանքները նվազեցնելու, Ադրբեջանի կողմից բացահայտ թշնամական գործողություններին հակազդելու և դրանք չեզոքացնելու համար։

ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՈՉ

Եվ վերջում լուսանցքային մի հարց ևս․ Հոդվածում չկար այս ձևակերպման պատասխանը․ «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի և ինչ էլ լինի, մենք չենք դադարի պայքարել․․․» (Ն․ Փաշինյան 27.09.2020)։ Ո՞րն է գործողությունների այն հաջորդականությունը, որը կբերի պարտված չճանաչելու, հետևաբար հաղթանակ տանելու հանգրվանին և ի՞նչ ճանապարհային քարտեզ կա դրան հասնելու համար․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ