31 12 2020

Հեռավոր 2050–ին դրախտ խոստանալով՝ Նիկոլը դժոխքի վերածեց 2020–ը․ Անդրանիկ Թևանյան

Հեռավոր 2050–ին դրախտ խոստանալով՝ Նիկոլը դժոխքի վերածեց 2020–ը․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին, առնետինը՝ առնետին

Տոնական օրեր են, բայց տոնական տրամադրություն չկա։

Միայն տեղական նշանակության անասունը կարող է ստեղծված իրավիճակում տոնական եռուզեռի մեջ լինել։ Միայն մանկուրտը կարող է մեր անթաղ մնացած երեխեքի ու եղբայրների մարմնի մասերի, գերիների, անհետ կորածների մասին մոռանալ ու կենացային բաժակ չխկացնել 31–ի գիշերը։

Մեր ժողովրդի շինելից ծնված փոքրիկ մարդը մեծ ողբերգություն բերեց։ Նա ասաց, որ մենք արդեն ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Արդյունքում՝ պետականություն կորցրեցինք Արցախում, իսկ Հայաստանը դարձավ մազից կախված ու դժբախտ երկիր, որի ֆիզիկական գոյությունն անգամ հարցականի տակ է։

Փոքրիկ մարդն ասում էր, որ ներդրումներ չի բերել, բայց փոխարենը ժպիտ է բերել մարդկանց դեմքին։ Հիմա ժպտում են միայն ապուշները, իսկ նորմալների մոտ շոկ է, վրեժի ծարավ, պապանձվածություն, ցավ․․․

2020–ը շատ ծանր տարի էր։ Ստացանք երկու պատերազմ։ Երկուսում էլ պարտվեցինք։ Մեր

պարտությունների թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Կորոնավիրուսային պատերազմը նա չէր կարող կանխել, բայց կարող էր թույլ չտալ մասշտաբայնություն եւ զոհերի ահռելի քանակ, սակայն գերադասեց սեփական իշխանության ավելացումն ի հաշիվ ՍԴ–ի գրավման։ Դրան գումարվեց անգրագիտությունն ու կառավարման զրո հմտությունը։ Արդյունքում՝ Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվարկով աշխարհի վատագույն կորոնավարակային ցուցանիշներից մեկն արձանագրած պետությունն է։ Մարդիկ շարունակում են հիվանդանալ ու մեռնել։

Նիկոլը մահը սովորական սարքեց։ Նա մահը դարձրեց վիճակագրություն։

Արցախյան 2–րդ պատերազմն ամբողջությամբ Նիկոլի խղճի վրա է։ Եթե չլիներ 2,5 տարվա խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականությունը, մենք կարող էինք խուսափել պատերազմից։

Պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե մենք չլինեինք Նիկոլի գերագույն հրամանատարության ու Արցախի նախագահ կոչվածի կառավարման ներքո։

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո մեզ տարան կապիտուլյացիայի։ Սա ստի, կեղծիքի, դավաճանության, մարտնչող տգիտության, անհայրենիքության, չմարդության դրսեւորում էր։ Ստում, թաքցնում ու հանձնում են մինչեւ հիմա, եւ սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ փոքր մարդը չի հեռացվել մեծ պաշտոնից։

Նիկոլն ամբողջությամբ բավարարեց Ադրբեջանի ժողովրդին, մասամբ՝ Թուրքիայի ժողովրդին, իսկ հայ ժողովրդին հաղթողից վերածեց պարտվածի ու թոփալի։

Նա միշտ ատել է արցախյան մեր հաղթանակները, ատել է Արցախը՝ այն համարելով թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու խոչընդոտ։

Նա ատել է մեր մեծ հաղթանակը, քանզի այդ հաղթանակի մեջ տեսել է իր ոչնչությունը, իր փոքր լինելը։

Հեռավոր 2050–ին դրախտ խոստանալով՝ Նիկոլը դժոխքի վերածեց 2020–ը։ Այդ դժոխքը հավերժական կլինի, եթե Նիկոլին դուրս չշպրտենք պետության կառավարման ղեկից ու հաշիվ չպահանջենք։

2021–ին շատ բան է որոշվելու՝ կմնա՞ Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա, կդառնա՞նք թուրքական էլայեթ, Արցախում հայ կապրի՞։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ինքներս պետք է տանք՝ հանուն մեր հազարավոր զոհերի, հանուն մեր ապրողների, հանուն մեր երկրի ապագայի։

Մեր երեխեքը չեն զոհվել հանուն ոչնչի, թեեւ նրանց տարան հանուն ոչնչի զոհելուն։

Ես խոնարհվում եմ մեր զոհերի գերեզմանների առաջ, ցավակցում բոլորի հարազատներին ու բովանդակ հայ ժողովրդին։ 2020–ը նաեւ այս հերոսացած ու անմահացած տղաների տարին էր։

2020–ին իրար կողք–կողքի քայլեցին մեծ հերոսությունն ու քստմնելի դավաճանությունը, մեծ հայրենասիրությունն ու ողորմելի փոքրությունը։

2021–ին մենք պետք է բաց ձեռքերը փակենք, բռունցք դառնանք, կամք դրսեւորենք, վճռականություն ունենանք ու պետությունը ոտքի կանգնեցնենք Նիկոլի, թուրքերի, ադրբեջանցիների ջանքերով ծնկի բերված վիճակից։

Առնետը թող մնա առնետի տարվա մեջ։ Մենք մերը պետք է վերցնենք։

Ես հավատում եմ մեր պետության ապագային։ Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց պետք է աշխատել։ Ես ամեն ինչ անելու եմ, որ չամաչեմ հայ լինելուց, չամաչեմ այլ ազգերի հետ շփվելուց, չամաչեմ, որ չեմ կարողացել պետությանը տեր կանգնել։

2021–ին տեսակների պայքարը հասնելու է իր գագաթնակետին, լինելու է վճռական ճակատամարտ։ Ես հավատում եմ, որ պետականաստեղծ ու հայաստանակենտրոն տեսակը հաղթելու է անհայրենիքներին։

Մենք «հաղթել» բառին պետք է վերադարձնենք իր իրական իմաստը, որը մեզանից խլեցին 2020–ին։ 2021–ին պետք է սկիզբ դնել ապագա հաղթանակների համար։ Կա՛մ, կա՛մ․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ