30 12 2020

Հայաստանի միակ «մեղավորը». Politik.am

Հայաստանի միակ «մեղավորը». Politik.am

Politik.am-ը գրում է.

«Հայաստանի նորագույն պատմությամբ զբաղվող պատմաբաններն իհարկե դեռ իրենց խոսքը կասեն, սակայն արդեն այսօր կարելի է արձանագրել, որ անկախացումից հետո, մեր պատմուրթյան ուսումնասիրողները բավարար ուշադրություն չեն դարձրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների վրա, չեն փորձել վերլուծել կոնկրետ գործողությունների հոգեբանական ետնապլանը, մարդկային որակները, որոնք օրինակ կարող էին դրդել նման գործողությունների, չեն տվել գնահատական եւ բավարարվել են միայն պատմության ընթացքի բաղկացուցիչ իրադարձությունների սոսկ արձանագրումով։

Օրինակ հետաքրքիր է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը Հայաստան եկավ 1997-ին, երբ երկիրը ամենամեղմ ձեւակերպումով ասած՝ այնքան էլ լավ վիճակում չէր գտնվում եւ էլի օդում սավառնում էր Արցախը կորցնելու վտանգը։ Չճանաչված հանրապետության ղեկավարի համար դա չափազանց բարդ փորձություն էր, հատկապես այն իրականության պայմաններում, որ կար Հայաստանում այն ժամանակ։

Երկրորդ նախագահի հարցազրույցներում կարելի է գտնել որոշակի գնահատականներ այդ շրջանում Հայաստանում տիրող իրադրության մասին եւ այն պայքարի մասին, որ ինքը մղել է միջավայրը, մթնոլորտը այստեղ առողջացնելու համար, որն ի դեպ, կարեւոր նախապայմաններից էր, որպեսզի երկիրը առաջ շարժվի ու կարողանա գրանցել հաջողություններ։ Հաջողվեց արդյոք նախագահ Քոչարյանը․ կարծում ենք այո, որովհետեւ Արցախից Հայաստան նրա գալուց հետո իրավիճակը փոխվեց, երկիրը կարողացավ շունչ քաշել ու թափ հավաքել՝ առաջ նետվելու համար։ Նույնիսկ այսօրվա հեղհեղուկ իշխանությունները եւ նաեւ հայաստանյան վերլուծական-փորձագիտական միտքը ներկայացնող ամենասկեպտիկ դեմքերը ստիպված են խոստովանել, որ այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցվել են նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին, մնացել են անգերազանցելի, եւ միայն նախագահ Քոչարյանի օրոք է, որ Հայաստան ներգաղթը գերազանցել է արտագաղթին։

Արդեն 2008-ին նա ունեցավ քաջություն ստանձնելու պատասխանատվությունը եւ երկրի քայքայումը այն «գունավոր հեղափոխության» տեսքով, որը փորձ էր արվում իրականացնել եւ որն ավարտվեց «Մարտի 1-ի»-ի հայտնի դեպքերով, հետաձգելու եւս տասը տարով։

Հետո արդեն հետեւողականորեն նրա ձեռքբերումների մասին խոսելն անհասկանալիորեն մատնվեց մոռացության, նույնիսկ եղան դեպքեր, երբ «գունագեղ դիագրամիստները» փորեցին այդ ձեռքբերումները նսեմացնել, եւ արդյունքում ստացվեց այն, որ արդեն 2018-ին հնարավոր եղավ Հայաստանում իրականացնել «գունավոր հեղափոխություն», իսկ Քոչարյանն այդ ժամանակ պետական ապարատի վրա այլեւս չուներ ազդեցություն։ Սակայն նա օրինակ 2018-ին չխուսափեց պատասխանատվությունից, վերադարձավ Հայաստան կալանավորվեց ու ի վերջո ապացուցեց, որ այն մեղադրանքները, որոնք իր դեմ ներկայացվում էր «արյան գետեր տեսնելուց սիրտը փառավորվողի» կողմից, ընդամենը օդ էր, ինչպես օդ էր «արյան գետեր տեսնելուց սիրտը փառավորվողն» ընդհանրապես, իրողություն, որը այսօր հատկապես, հետպատերազմական այս ծանր փուլում երեւում է չափազանց ակնհայտ, երբ ամեն մի նոր հարցազրույցում ու սոցցանցային գրառումով ավելի ակներեւ է երեւում, որ մարդը պատրաստ է անել ամեն բան պատասխանատվությունից խուսափելու համար եւ տառապում է մի հիվանդագին մտասեւեռմամբ, երբ բոլորը մեղավոր են, բացի իրենից։

Նման իրավիճակներում, որում այսօր Հայաստանն է գտնվում, անհրաժեշտ է ուժեղ ձեռքի առկայություն երկրի ղեկին, ով կկարողանա կանգնեցնել երկրի փլուզումը, շտկել իրավիճակը, երկիրը հանել այս ծանր վիճակից, որը կարող է նույնիսկ բերել պետականության կորստի։ Շատերն այսօր իրենց հայացքներն ուղղում են երկրորդ նախագահին, հասկանալով, որ նա կարող է ճգնաժամից Հայաստանը դուրս բերել եւ հանուն դրա պատրաստ է կրկին դառնալ Հայաստանի միակ «մեղավորը»։

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ