Պետական սահմանի ակնհայտ ապօրինի, խայտառակ գծանշումների երեւույթին՝ հարկադրված շատ եմ անդրադարձել, սակայն այսչափ վատատես չէի, չէի կարող կանխատեսել, որ այսպես հապճեպ, տնավարի կգործեին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, որեւէ ողջամիտ մարդու համար չէր կարող ընկալելի համարվել, որ հայտնի «հայտարարությունից» չբխող վերացական արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի բնակավայրերը միմյանց կապող ճանապարհները անմիջապես ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու պատրաստակամություն։
Որոշ սակավաթիվ դեմքեր էլ փորձում են պրիմիտիվ հնարքներ առաջ մղել, թե բա՝ նախկինում են այդ ճանապարհները կառուցվել, ինչը գրեթե «սեպագիր արձանագրություն» է եւ այլ անհեթեթ արդարացումներ դնել շրջանառության մեջ։
Ոչ մի երաշխիք չկա, որ շատ մոտ ապագայում թուրքը անարգել անցնելու է սահմանային գոտիների եւ մաքսային կետերի կահավորմանը՝ դրանից բխող գերվտանգավոր եւ տնտեսապես խոցելի հետեւանքներով հանդերձ։
Նրանք, ովքեր չիմացության կամ այլ շահագրգռվածության արդյունքում ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄՆԵՐԸ, խորհրդավոր կերպով մատնաշում պետական սահմանի հետ անմիջական կապ չունեցող օրենքներ ու սովետական իրավիճակներ, առնվազն պետք է հասկանային, որ պետական սահմանի վերաբերյալ միջազգային եւ ներազգային բարդ ընթացակարգերը հենց նրա համար են, որ պատասխանատու, ոչ թե սիրողական բանակցային գործընթացներով սահմանային գծանշումները որոշվեին այնպես, որ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԲԱՑԱՌՎԵԻՆ ճանապարհների եւ բնակավայրերի մերօրյա փնթի, ընդ որում, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ առանց միմյանց վնասելու։ Պատահական չէ, որ միջազգային փորձում այդպիսի գործընթացները տարիներ են տեւում։ Հաջորդ իշխանությանը բարդ, անչափ բարդ ու հակասական ժառանգություն է թողնվում, ինչն էլ ավելի է խճողվում ամեն Աստծո օր։
Խնդրում ենք դադարեցրեք այդ ապօրինի գործընթացները, անցեք իրավաչափ գործիքների կիրառմանը։
Հ.գ. Ազգային ժողովը պետք է գոնե այս ճակատագրական փուլում ըմբռնի իր առաջնահերթությունները։ Դուք մի մոռացեք, որ խորհրդարանական պետությունում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե ամեն գնով արդարացնելու իրավասությունը հենց ձեզ է վերապահված։
Այն անձինք, որոնք այսօր դեմ եմ իմ գրածին, արդեն կարճ ժամանակ անց, ինձ են փորձելու համոզել, թե որքան անմիտ էին այս գործընթացները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը