16 06 2020

Կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ Դատախազը կատարում է քաղաքական էլիտայի պատվերները. Գորգիսյան

Կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ Դատախազը կատարում է քաղաքական էլիտայի պատվերները. Գորգիսյան

 Կա՞ երաշխիք, որ վաղը, քաղաքական իրողությամբ պայմանավորված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անռենմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ չեք վերցնի։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«2 տարի առաջ այս նույն դահլիճում դուք կրկին միջնորդություն էիք բերել՝ անձեռնմխելիությունից զրկելու մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին. ակնհայտ կատարելով քաղաքական պատվեր։ Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով հետ վերցրիք այդ միջնորդությունը։ Որքանո՞վ պետք է հանրությունը վստահ լինի, որ այսօրվա ձեր միջնորդությունը կրկին պայմանավորված չէր քաղաքական պատվերով և կա՞ որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխությունների հետևանքով դուք հետ չեք վերցնելու այս միջնորդությունը։ Այո, ես պնդում եմ, որ Դուք կատարել եք քաղաքական պատվեր, և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի պատվերները: Քանի դեռ հակառակն ապացուցող քայլ չեք արել, այլ կերպ չենք կարող մտածել», - ասաց պատգամավորը:

Դավթյանն ասաց, որ ինքը նշված երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել. «Այն պատգամավորի վերաբերյալ, որ ես ժամանակին ներկայացրել եմ, ձեզ ուղիղ պատասխանում եմ. ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, դրան շատ մանրամասն անդրադարձել եմ»։

Գորգիսյանն արձագանքեց, եթե դա ակնհայտ քաղաքական պատվեր չի եղել, ապա ինչո՞ւ գլխավոր դատախազը հետ վերցրեց այդ միջնորդությունը. «Այո, ես պնդում եմ, որ դուք կատարել եք քաղաքական պատվեր և կարող են լիներ հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական առաջնորդների քաղաքական պատվերները»։

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այս քաղաքական մարմնում առիթ ունեցել եմ լսելու կարծիքներ, որոնք խիստ սուբյեկտիվ են և իրականության հետ որևէ աղերս չունեն. այդպիսին, պարոն Գորգիսյան, ձեր խոսքն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ