28 12 2020

Ասկերանն ու Հադրութը վերադարձնելու ենք, Ֆեյսբուքը փակվելու է, աղանդներն արտաքսվելու են․ Բալասանյան



«Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սխալ քաղաքականություն է վարում։ Անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարի, իհարկե՝ համագործակցելով, համաձայնեցնելով ՀՀ քաղաքական և ռազմական նախարարությունների հետ, բայց, ցավոք, դա չկարողացանք անել»,- Արցախի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ էինք արդյոք խուսափել սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից։

«Իհարկե, կարող էինք խուսափել։ Վստահեցնում էին, թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները բարվոք են, ես այդպես չէի գնահատի։ Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք, այդ թվում Իրանի հետ, մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Այնպես չէ, որ ամեն ինչ կորսված է ՀՀ-ի եւ Արցախի համար։ Հիմա Արցախի տարածքն ավելի քիչ չէ, քան 91-92 թվականներին։ Մենք պետք է դասեր քաղենք եւ ՀՀ եւ ՌԴ հետ հարաբերություններում պետք է որպես սուբյեկտ հանդես գանք։ Արցախը որպես սուբյեկտ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին, որն ամեն օր ցանկացել է կանգնեցնել պատերազմը։ Փաստաթուղթը չի վերաբերում Արցախին, բայց մենք այստեղ տեղակայված խաղաղապահ զորակազմի հետ գործակցում ենք հավասարը հավասարի պես։

Գեներալ-լեյտենանտ Ռուսլան Մուրադովի հետ գործակցում եմ ես։ Համոզված եմ, որ ավելի է խորանալու ՌԴ հետ մեր համագործակցությունը։ Բաքվի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ իրականությունից շատ հեռու է։ Հրադադարից հետո եղել են տարածքային խախտումներ Ադրբեջանի կողմից, բայց դրանք ժամանակավոր են։ Ուզում եմ ժողովրդին հայտնել, որ լինելու են սահմանների ճշտում եւ մեր ստատուսի հստակեցում։ Ասկերանի մի մասը եւ Հադրութի շրջանը, ՀՀ եւ ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք։ Մենք չենք պարտվել։ 91-93 թվին ավելի ծանր վիճակ է եղել։ Հանդիպումներ ենք սկսելու բոլոր համայնքների ղեկավարների, ԶՈւ հրամանատարների հետ, կարիք ունենք զորքերը համալրել, մարդիկ բարձր աշխատավարձով կարող են ծառայել։

Դա մեր բոլորիս սրբազան պարտնք է։ Ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, մշտական զորքեր, ամբողջը լինելու է մեր Պաշտպանության բանակի ներքո, Բանակն էլ ենթարկվելու է ԱԽ-ին, լինելու են Բանակ եւ աշխարհազոր, ոստիկանությունն ունենալու է ուժեղացված գումարտակ, ԱԱԾ-ն՝ հատուկ ստորաբաժանում։ Այդ ամենին տալու ենք օրենքի ուժ։ Նաեւ հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու, ահաբեկիչները դեռ չեն հեռացել այս կողմերից։ Խոսակցությունները կեղծ են, թե ադրբեջանցիները շրջում են մեր տարածքում, խանութներ են մտնում եւ այլն։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում խաղաղապահ զորակազմի կողմից։

Քրեական գործեր կհարուցվեն․  ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանք հետ կուղարկվեն ՌԴ, այդպիսի մեկ դեպք եղել է եւ նա ուղարկվել է Ռուսաստան։ Թմրամիջոցներ օգտագործելն արգելված է Արցախի տարածքում, օգտագործողներն Արցախից կարտաքսվեն։ Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ եկեցղեցու հետեւորդներն ենք, այլ ուղղություններ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է», նշել է Վ․Բալասանյանը։

Ըստ Բալասանյանի, 2020 թվականի ընտրություններից հետո Ղարաբաղի սուբյեկտայնության խնդիր կար։ «Այսինքն՝ Հայաստանի քաղաքական և ռազմական իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ Արցախի Հանրապետությունն ինքը, որպես սուբյեկտ, կայանար։ Սա ամենակարևոր պատճառներից մեկն էր»,- ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Ադրբեջանը բարձրաձայնում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, դա իրականությունից շատ հեռու է։ Կան տեղեր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն սահմանային խախտումներ է արել, բայց դա ժամանակվոր է։ Ուզում եմ մեր ժողովրդին ի լուր տալ, որ լինելու է սահմանների ճշտում, լինելու է մեր ստատուսի հարցը։ Այն շրջանները, որ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մենք վերադարձնելու ենք։ Ուզում եմ մեր ժողովրդին հույս տալ, վստահեցնել, որ այդ աշխատանքները տանելու ենք»,- ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախում զորքերը համալրելու խնդիր կա։

Վ․ Բալասանյանը կոչ է արել ժողովրդին՝ ակտիվ մասնակացություն ունենալ բանակաշինության հարցում․ «Այդ մարդիկ պայմանագրային հիմունքներով վճարվելու են և բարձր աշխատավարձ են ստանալու։ Պետք է անցնենք սահմանապահ ծառայության։ Ունենալու ենք սահմանապահ զորքեր, ունենլու ենք մշտական զորքեր։ ՊԲ-ն ենթարկվելու է անվտանգության խորհրդին։ Ունենալու ենք պայմանագրային պահեստազոր և աշխարհազոր։ Աշխարհազորը 40-50-ից բարձր տարիքի մարդիկ են։

Թող ոչ ոք չկասկածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան մեզ չեն թողնի, որ Արցախի Հանրապետությունն ունենա Զինված ուժեր»,- ասաց նա։

Շարունակելով խոսքը՝ Բալասանյանը նշեց․ «Մենք ունենալու ենք մեր սեփական ԶՈւ-ն, ոստիկանական կառույցը՝ ուժեղացված գումարտակով, ԱԱԾ կառույցը՝ ուժեղացված գումարտակով։ Խնդիր է դրվելու հակաահաբեկչական գործողություններ իրականացնելը, քանի որ երբևէ չի բացառվում, որ ԱՀ տարածքում ահաբեկչական գործողությունները կկրկնվեն, ինչը թույլ չենք տալու»։

Վիտալի Բալասանյանն ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին․

«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է  աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն», նշել է նա։

Ըստ Վ․Բալասանյանի՝ մինչեւ սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ եւ դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է։

Ստեղծվելու է հանձնաժողով, որտեղ հրավիրված տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը, եւ ներքին լրատվական քաղաքականությունը։

«Ես քանի օր է՝ ասում եմ՝ չեմ հանդիպել Փաշինյանի հետ, լրատվամիջոցները գրում են՝ հանդիպել է, Հադրութը  օրեր առաջ ընկել էր, մարդիկ տարածում էին, թե Հադրութով քայլում են, ասում են՝ դեպի Գետաշեն ու Շահումյան ենք գնում եւ այլն։ Չի լինելու այդպես», նշել է Վիտալի Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ