Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջի առնչությամբ կոնֆեդերացիան հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ նշվում է.
«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը վկայում է, որ ՀՀ-ում խաթարվել են Սահմանադրությամբ հռչակված են ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալական եւ իրավական պետության հիմքերը։
2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը խորացրեց քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը։
Առկա խնդիրները համարվում են ոչ միայն համավարակի եւ պատերազմի, այլեւ սխալ եւ միանձնյա կառավարման հետեւանք։
Նոյեմբերի 9-ին գաղտնի կերպով եւ հասարակության սպասելիքներին հակառակ ստորագրված եռակողմ հայտարարությունը հանրապետությունում առաջացրեց խորը ճգնաժամ, հանրության շրջանում խիստ լարված մթնոլորտ։ Ստեղծած իրավիճակը անդառնալի եւ ծայրահեղ ծանր հետեւանքներ ունեցավ աշխատողների՝ հատկապես սոցիալապես անապահով վիճակում գտնվող աշխատող-աղքատների համար։ Արդեն առկա են աշխատատեղերի կրճատման կամ գործատուի կողմից կազմակերպության խաթարված գործունեության պատճառով հարկադիր պարապուրդի եւ չվճարվող արձակուրդների դեպքեր։
Իրավիճակը վկայում է, որ ներկա վարչապետի եւ իր կառավարության գործունեության շարունակության դեպքում նշված խնդիրների առավել խորացումն անխուսափելի է նաեւ հետագայում, ինչն անդառնալի հետեւանքներ կունենա երկրի համար։
Ելնելով ստեղծված իրավիճակից եւ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝
պահանջում ենք ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը
կոչ ենք անում համախմբվել պետականության գաղափարի շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակտության ցանկացած փորձ։
Այս օրհասական եւ վճռորոշ պահին հասարակության բոլոր շերտերի ու ունակ ուժերի, պետական եւ մասնավոր համակարգի ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատումը՝ հանուն Հայաաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության։
Էդուարդ Թումասյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը