«Այսօրվա իմ ուղերձի իմաստն ու նպատակը երկրում ինստիտուցիոնալ հուսահատություն սերմանելը չէ, այլ, ընդհակառակը, լավատեսություն ու հույս կերտելը, նույնիսկ նրանց համար, ովքեր մտածում են կամ մեկնաբանում են, որ այսպիսով գուցե ավարտվում է մեր պատմությունը»,- ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց․ «Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտում ենք` ակնհայտ է: Բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի ու ավարտական տրամաբանության մեջ: Հենց սրանում է իմ ամենամեծ մտավախությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղթահարել ավարտի և ավարտական այս տրամաբանությունը ու շարունակենք մնալ նրա մեջ, շարունակենք վնասել ինքներս մեզ:
Ամեն մի փլուզում, որքան էլ դա դաժան հնչի, զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն է, և հենց այսօր և հենց հիմա ուզում եմ, որ չմոռանանք այս մասին: Քավ լիցի, խոսքը ամենևին նոր օրվանից հենց այնպես նոր կյանք սկսելու մասին չէ: Նման բանի մասին խոսելը շատ շուտ է, չափազանց շուտ: Բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի: Առաջին հերթին հանուն մեր նահատակների, նրանց երեխաների, նրանց ծնողների՝ սևազգեստ մայրերի, սպիտակամորուս դարձած հայրերի, աչքը ճանապարհից չկտրող երեխաների:
Իսկ սրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ի՞նչը այնպես չենք արել, ինչո՞ւ այնպես չենք արել և ե՞րբ այնպես չենք արել: Սա, իհարկե, թեկուզ ոչ հեռավոր, բայց, այնուամենայնիվ, հետագայի հարց է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը