Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Երկուստեք ընդգծվել է, որ Գործընկերության խորհրդի հերթական նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և բովանդակային քննարկումներ ծավալելու հետագա անելիքների ու ծրագրերի շուրջ:
ԱԳ նախարարի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անընդունելի է համարել ԱլԳ անդամ երկրի կողմից նախաձեռնության հիմքում ընկած արժեքների ոտնահարումը և Թուրքիայի գործուն աջակցությամբ Եվրամիության Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման փորձ ձեռնարկելու վտանգավոր նախադեպի ստեղծումը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը խորը մտահոգությամբ նշել է, որ Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները վտանգում են անվտանգային միջավայրը Արևելյան հարևանության տարածաշրջանում և աղետալի հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանային անվտանգության համար:
Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը