Իշխանությունները քաղաքացիներին զրկում են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից. տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում տեղեկատվական բլոկադա է։ Այս մասին գրում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
«Պետական գերատեսչությունները դադարել են հաշվետու լինել քաղաքացիներին, միեւնույն ժամանակ սահմանային իրավիճակն այլեւս չի ներկայացվում հանրությանը։
Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեծ մասին հասարակությունը ծանոթանում է կա՛մ ադրբեջանական աղբյուրներից, կա՛մ տելեգրամ ալիքներից։ Իշխանությունները բողոքում են մեդիատեռորից, բայց ազնիվ չեն ու չեն ասում, որ իրենք են իրենց լռությամբ կամ ոչ հավաստի տեղեկատվությամբ մեդիատեռոռի հիմք հանդիսանում։
Մինչ այժմ իշխանությունները դեռ չեն ներկայացրել՝ քանի՞ գերեվարված քաղաքացիական անձ եւ ռազմագերի է գտնվում ադրբեջանական կողմում։ Հակասական նորություններ ենք ստացել Խծաբերդից եւ այնտեղ գտնվող կամավորականներից։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է գործել ճգնաժամային իրավիճակին համահունչ։ Երբ իշխանությունը թաքցնում ու չի տրամադրում պաշտոնական տեղեկատվություն, նպաստավոր հող է ստեղծում կեղծ տեղեկատվության տարածման համար, ինչն էլ հանգեցնում է խուճապի։ Կոչ ենք անում իշխանությանը դադարեցնել տեղեկատվական բլոկադան։ Այս օրերին իշխանական պատգամավորներից ոմանք իրավիճակի լրջությունը գիտակցելու փոխարեն հեգնել են լրագրողներին, հրաժարվել տեղեկատվություն տալ՝ բաժանելով ցանկալի ու անցանկալի լրատվամիջոցների»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը