16 12 2020

Պարտության մեղքը Բանակի վրա գցելու Նիկոլի բոլոր փորձերը դատապարտված են. Արտակ Զաքարյան

Պարտության մեղքը Բանակի վրա գցելու Նիկոլի բոլոր փորձերը դատապարտված են. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի քանի դիտարկումներ Նիկոլի՝ «Ազատություն» ռկ-ին տրված մանիպուլյատիվ հարցազրույցից: Նույնիսկ պատերազմից հետո, այս մարդը չի թարգել իր խաբեություներն ու մարդկանց հիմարի տեղ դնելու գործելաոճը: Անուղղելի է:

1. Այս պատերազմից հնարավոր էր խուսափել և դա անվիճելի է (պատրաստ եմ ցանկացածի հետ հրապարակային բանավիճել այս թեմայով): Դրա համար ընդամենը պետք չէր 2,5 տարի սադրել, աղավաղել ու փակուղի տանել խաղաղ բանակցային գործընթացը:

2. ՀՀ վարչապետը չունի առաջնային մանդատ և ժողովուրդը նրան ուղիղ չի ընտրել: Ժողովուրդն իր իշխանությունը լիազորել է միայն Ազգային Ժողովին: Ազգային Ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել և փոխել վարչապետին: Այնպես, որ Նիկոլը, չէ ժողովրդի իշխանության մարմնավորողը կամ առավել ևս նրա պահապանը:

3. Պատերազմում պարտվել և հսկայական զոհեր, կորուստներ ենք տվել առաջին հերթին Նիկոլի և իշխանությունների անփույթ, քաոսային, խաբեբա, հանցագործ կառավարման արդյունքում:

4. Ընդդիմության միասնական թեկնածուին ադրբեջանի հետ “համահունչ” տեսնելուց առաջ, նախ պետք է խորությամբ ուսումնասիրվի Նիկոլի ու իլհամի հնարավոր մութ գործարքների շուրջ խորացող կասկածները:

5. Էդ նոր հասկացա՞վ, որ ինքը չպե՛տք է առանց դատարանի վճռի մարդկանց կոռուպցիոներ համարի: Բա ինչո՞ւ է ամբողջ կյանքում մարդկանց հասցեին հանիրավի մեղադրանքներ հնչեցրել:

6. Այո, Բանակում նոր մարդ չի հայտնվել, բայց բանակն անխնա օգտագործվել է Նիկոլի սեփական քաղաքական փիարի համար: Բանակի ու նրա գեներալների պատիվն ու համբավը բազմիցս արատավորվել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: Բանակի բարոյա-հոգեբանական վիճակն ու հանրային վստահությունը խաթարել են անձամբ Նիկոլն ու նրա սորոսածին հավաքացուն: Բանակի արդիականացման խնդիրները շեղվել են, որովհետև կառավարության ղեկավարը բանակից ու անվտանգությունից բան չի հասկանում: Բանակը բարոյալքվել է, որովհետև չհիմնավորված կոչումներ ու շքանշաններ են բաժանվել՝ հավատարմության դիմաց:

7. Մանիպուլյացիայի վարպետը իր հասցեին արված ուղիղ մեղադրանքները համարում է մանիպուլյացիա:

8. Պետության սահմանները սովետական քարտեզներով ճշգրտող վարչապետը, այն աստիճանի է կործանել Հայ ժողովրդի զավակների արյունով ձեռքբերված հսկայական անվտանգության գոտիները, որ այսօր մեզ համոզում է, որ Գորիս –Կապան ճանապարհը պետք է անցնի նաև ադրբեջանի տարածքով:

9. Պատերազմող զորքերի շրջանում խուճապային լուրեր տարածողների փաստեր եթե կան, ինչպես ասում է Նիկոլը, ուրեմն թող հրապարակի անունով, օրով, փաստով, տեղով, վկաներով: Սա շատ կարևոր հանգամանք է, թող մաքրի իր վրայից դավաճանի պիտակը, կամ ինչպես ասում է՝ թող հայտարարի, թե ովքե՞ր են իր համադավաճանները:

10. Եվ վերջապես: Այս պատերազմը հարցեր շատ ունի և՛ նախապատերազմական, և՛ պատերազմական, և՛ հետպատերազմական ժամանակահատվածների վերաբերյալ: Նիկոլից հետո է միայն հնարավոր այն օբյեկտիվ, մանրամասն ու ամբողջությամբ ուսումնասիրել: Եթե մեր պետությունը, մինչև վերջին դետալը չպարզաբանի այս ողբերգության, այսքան զոհերի ու Հայրենիքի կորստի պատճառներն ու խոչընդոտող հանգամանքները, ուրեմն մենք դատապարտված ենք ինքնության ու արժանապատվության վերջնական կորստի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ